Իրաքյան Քրդստանում ժամը 8-ից սկսվել է անկախության հանրաքվեն, քվեարկությունը կավարտվի երեկոյան 18-ին: Այլ երկրների քուրդ բնակչության քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 23-ին։ Նախնական տեղեկություններով՝ արտերկրում քվեարկածների 98 տոկոսը կողմ է անկախությանը։
Հանրաքվեի դրված հարցը քրդերենով, արաբերենով, թուրքմեներենով և ասորերենով ձևակերպված է հետևյալ կերպ. «Ցանկանու՞մ եք, որ Քրդստանի շրջանը և դրա կառավարումից դուրս գտնվող քրդական տարածքներն անկախ պետություն դառնան»: Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կդառնան ընտրատեղամասերի փակումից 72 ժամ անց։