ԳԴՀ նոր գումարման խորհրդարանում կլինի մի քանի տասնյակով ավելի մանդատ, քան ուներ նախորդը՝ 709-ը՝ 631-ի փոխարեն։ Ձայների հաշվարկի ժամանակ առաջին անգամ բաշխվել են «փոխհատուցող» մանդատներ, որպեսզի Բունդեսթագի կազմը հստակ համապատասխանի ընտրողների կամքին։
Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը ստանում է նոր խորհրդարանում 246 աթոռ (նախկինում 311), սոցիալ-դեմոկրատները՝ 153 տեղ (նախկինում 193), «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստանում է 94 տեղ, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 80 տեղ։ «Ձախերի» խմբակցության մանդատը կավելանա՝ նախկին 64-ից դառնալով 69-ը, իսկ «Կանաչներինը» նախկին 63-ից կդառնա 67։
Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է 76,2 տոկոս։
Գերմանիայի ԿԸՀ-ն բոլոր՝ 299 ընտրատարածքների ձայների հաշվարկի արդյունքներով հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում։ Դաշինքը հավաքել է 33 տոկոս ձայն։ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 20,5 տոկոսը, որ նրա կուսակցության վատագույն ցուցանիշն է։ Մարտին Շուլցը ճանաչել է պարտությունը՝ բացատրելով, որ սոցիալ-դեմոկրատները չեն կարողացել հասնել իրենց ավանդական ընտրողին։
Եռյակը եզրափակում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը, որն առաջին անգամ է ներկայացվում խորհրդարանում։ Նրան օգտին քվեարկել է ընտրողների 12,6 տոկոսը։ Էկզիտ փոլի արդյունքների հրապարակումից հետո փողոցներ են դուրս եկել շարժման հակառակորդները։ Ցուցարարները մայրաքաղաքի Ալեքսանդերպլաց հրապարակում քարեր ու շշեր են նետել շենքի ուղղությամբ, որտեղ կուսակցության կողմնակիցները նշել են հաջողությունը։
Բունդեսթագում կներկայացվեն ևս 3 կուսակցություններ, որ հաղթահարել են 5 տոկոսի շեմը` Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը», «Կանաչները» (համապատասխանաբար՝ 10,7, 9,2 և 8,9 տոկոս)։ Ընտրություններին մասնակցել է 42 կուսակցություն։