Նոր կայուն կոալիցիան Գերմանիայում կձևավորվի մինչև Ծննդյան տոները` Բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր, իշխող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելը:
Կիրակի օրը ընտրություններում Մերկելի կուսակցությունը ստացել է քվեների 32,9 տոկոսը` մոտ 9 տոկոսով քիչ, քան 2013-ին: Գլխավոր ընդդիմադիր ուժը` սոցիալ-դեմոկրատները, ստացել են քվեների 20 տոկոսը․ սա սոցիալ-դեմոկրատների ամենահամեստ ցուցանիշն է 1949-ից ի վեր: Կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը անցած գիշեր հայտարարեց, որ կուսակցությունը մտադրություն չունի քրիստոնյա-դեմոկրատների հետ «Մեծ կոալիցիա» կազմելու և հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից:
Գերմանական լրատվամիջոցների կանխատեսումներով՝ Անգելա Մերկելը առաջիկա շաբաթներին ստիպված է լինելու կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցություններ վարել քվեների 10 տոկոսը ստացած Ազատ դեմոկրատների և 9 տոկոս ստացած Կանաչների կուսակցության հետ: