Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը, հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Հանդիպման ժամանակ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
«Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջև չլուծվող խնդիրներ չկան»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով ողջ ներուժը: ԱԺ նախագահը վրացի գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձևաչափով:
Իրակլի Կոբախիձեն նկատել է, որ թեև այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Նա վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր պետք է ձեռնարկվեն առավել ամրացնելու ուղղությամբ:
Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հրապարակ: