Իրաքյան Քրդստանի քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոց տոնելու անկախության հանրաքվեի ավարտը: Էրբիլի կենտրոնում բազմամարդ կուտակումներ են, մարդիկ միացնում են ազգային երաժշտություն տներում և մեքենաների մեջ, պարում փողոցներում: Մեքենաների վրա կարելի է տեսնել Քրդստանի դրոշներ և ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի նկարները: Նմանատիպ իրավիճակ է նաև Քրդստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սուլեյմանիեում: Ընտրական հանձնաժողովների աշխատանքը երկարաձգվել է մեկ ժամով՝ մինչև 19:00-ն: Նախնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել են ընտրողների 80 տոկոսից ավելին:
Ըստ Բարձրագույն անկախ հանձնաժողովի՝ ձայնի իրավունք ունեին 5,2 միլիոն քաղաքացիներ: Երկրում բացվել էր 6846 ընտրատեղամաս և ձևավորվել 1737 ընտրական հանձնաժողով: Քվեարկությանը մասնակցել են ոչ միայն պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս կազմող Էրբիլ, Սուլեյմանիե և Դոհուկ նահանգների բնակիչները, այլև հարակից Քիրկուկ, Նայնավա և Սալահ-ադ-Դին նահանգների բնակիչները: