Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: ԱԺ նախագահը նշել է, որ ԱԺ-ն պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հայաստանը մեծապես արժևորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում և ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Վրաստանում հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաև Հայաստանում: Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի նախագահը նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, և Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց և առավել զարգացնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի նախագահը նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Հաստատ է, որ մեզ՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»: