Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քրդստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը, գրում է t24.com.tr կայքը: «Նրանք անգամ ուտելու բան չեն գտնելու այդ ժամանակ: Տեսնենք՝ Իսրայելն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է նրանց ինչ-որ բան ուղարկելու»,- ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ Թուրքիան ստիպված է դիմել պատժամիջոցներին։ Բացի տնտեսական պատժամիջոցներից, ըստ Էրդողանի, օրակարգում է նաև ռազմական միջամտությունը, թեև վերջինի հարցում իրենք հույս ունեն, որ Իրաքյան Քրդստանը «խելքի կգա», և ուժի կիրառման կարիք չի լինի:
«Անկեղծ ասած՝ մենք մինչև վերջին պահը հույս ունեինք, որ Բարզանին կհրաժարվի նման սխալ գործելուց: Պարզվում է՝ սխալվել ենք: Թուրքիայի հետ հարաբերությունների ամենափայլուն շրջանում առանց խորհրդակցելու և մեզ հետ քննարկելու նման որոշման գալը մեր երկրի դեմ դավաճանությում եմ որակում»,- հայտարարել է Էրդողանը: