ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ` ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Նրա խոսքով՝ հոկտեմբեր-նոյեմբերին օպերատիվ և մարտական նախապատրաստության համատեղ պլանի համաձայն՝ մեծ թվով համալիր միջոցառումներ են սպասվում։
Շտաբի պետն արձանագրել է, որ նախկինում զորավարժություններ արդեն անցկացվել են և հաջող են եղել։ Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում ցուցաբերել, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել 2017-ին իրականացնել մեկ ռազմաքաղաքական իրադրության համատեղ միջոցառումներ՝ անվանելով «Մարտական եղբայրություն 2017թ.»։ Զորավարժությունների առավել ակտիվ փուլը կսկսվի հոկտեմբերի 3-ին Հայաստանի տարածքում «Որոնում 2017» հատուկ տակտիկական վարժանքներից։ Հոկտեմբերի 7-ին կընթանա բաց փուլը, Բաղրամյան հրաձգարանում կցուցադրվեն հետախուզության ուժերի և միջոցների պրակտիկ գործողությունները։ Դրանց տրամաբանական շարունակությունը կլինեն «Փոխգործակցություն» զորավարժությունները, որոնք կընթանան Հայաստանում հոկտեմբերի 9-13-ին։ Դրանց կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումներն ու մասերը։
«Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները կընթանան նաև Ղազախստանում և Տաջիկստանում։ «Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային նորմերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,- ասել է Անատոլի Սիդորովը։