Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել է տեղի գլխավոր մզկիթը: Բռնկման ահազանգը հրշեջ պահպանության կառավարակետում ստացվել է տեղական ժամանակով 02:00-ին: Կրակը պատել է գործնականում ամբողջ շենքը, ավելի ուշ փլվել է տանիքը: Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան: Փրկարարական ծառայության սպաների խոսքով՝ իրենց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարևան շենքեր:
Ոստիկանները հայտնել են, որ հրկիզման կասկածանքով ձերբակալել են 1997-ին ծնված մի տղամարդու: Նրա անունը չի հրապարակվում: Մզկիթի դիտորդական խորհրդի ղեկավար Ջամալ Լամհամդին հայտարարել է, որ դա «ցավալի օր» է հավատացյալների համար: Նրա խոսքով՝ տեղական մահմեդական համայնքում կա 20 հազար մարդ: Լահմամդին հիշեցրել է, որ ավելի վաղ մզկիթի ղեկավարության հասցեին տարատեսակ սպառնալիքներ էին ստացվում: