Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել, որ ինձ փրկի` թե Բելառուսի բանտում եղած ժամանակահատվածում, թե Ադրբեջանում, իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը: «Մինսկում և Մոսկվայում Իսրայելի հյուպատոսներն ինձ այցելել են, սակայն դա նրանց պարտականությունների շրջանակում էր, նրանք պարտավոր են օրենքով հյուպատոսական օգնություն ցուցաբերել քաղաքացուն: Բացի այդ, Իսրայելը ոչ մի քայլ չէր ձեռնարկում և դա ուներ երեք պատճառ»,- նշել է նա: Առաջինը` այս տարի Ադրբեջանն Իսրայելի հետ պայմանագրեր է կնքել շուրջ 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման համար՝ այդպիսով դառնալով ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը: «Ինչպես հասկանում եք, այս բոլոր սխեմաները չափազանց «գորշ» են՝ անխուսափելի «ատկատներով», անձնական կապերի օգտագործմամբ»,- նշել է նա:
Երկրորդ՝ Ադրբեջանը դեռևս չի մարել իր պարտքերը նախկինում մատակարարված զենքի համար` նավթի գների անկման պատճառով: «Երրորդ՝ նույնիսկ ինձ հետ բերելուց հետո, Իսրայելը շատ բարդ իրավիճակում կհայտնվեր: Տեղական դատարանը ստիպված կլիներ վերանայել Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցելության գործը և այն համապատասխանեցնել Իսրայելի օրենքներին: Պարզ լեզվով ասած՝ իսրայելական դատարանը մեծ հավանականությամբ պետք է ինձ արդարացներ՝ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը, մեղմ ասած, անհիմն»,- գրել է Լապշինը: «Ինչպես կռահում եք, չափազանց դժվար է նման լայնածավալ պայմանագրեր ձեռք բերել, իսկ դրանք կորցնելը շատ հեշտ է՝ օրինակ, հանդես գալով բլոգերի պաշտպանության օգտին, որն անօրինական հայտնվել էր ադրբեջանական բանտում: Սրանք իմ ենթադրությունները չեն, այլ ներքին տեղեկատվություն է: Ինչպե՞ս է վարվել Իսրայելն այս բազմիմաստ իրավիճակում: Ոչ մի կերպ, բացարձակապես ոչ մի կերպ: Ինչպես գիտեք, Իսրայելը չէ, որ «փրկեց ինձ» Ադրբեջանից, դա արել է Իլհամ Ալիևն անսպասելիորեն ստորագրելով հրամանագիր՝ ինձ ներում շնորհելու մասին: Այնուամենայնիվ, իմ հարցում կար մեկ գործոն, որն Իսրայելի ձեռքերում էր:
Ադրբեջանը հանձին ինձ` իր վրա ծանր բեռ է վերցրել և արդեն երկար ժամանակ ցանկանում էր ազատվել ինձնից՝ միևնույն ժամանակով պահպանելով իր դեմքը: Թերևս նրանք վստահ էին՝ հենց լինի դատավճիռ, ինձ կուղարկեն իմ քաղաքացիության երկրներից մեկը՝ Իսրայել կամ Ռուսաստան: Սակայն ես շարունակեցի մնալ նրանց բանտում՝ առաջացնելով գլխացավանքներ:
ՈՒղարկել ինձ գաղութ, որտեղ կան հարյուրավոր բանտարկյալներ՝ չէին կարող, քանի որ այնտեղ ինձ կսպանեին՝ իմ գործի յուրօրինակության, նաև Բաքվում իշխանության անկայունության և գլխավոր աթոռի համար կլանների պայքարի պատճառով: Այդպիսով, ես վերածվեցի «առանց բռնակների ճամպրուկի», որից Իլհամ Ալիևը չգիտեր ինչպես ազատվեր: Իսրայելին մնում էր թուլանալ և սպասել, որ Ադրբեջանն ինքնուրույն կգտնի ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղին: Դրա համար էլ ասում են, որ հրեաները հրեաներ են, քանի որ մտածում են յոթ քայլ առաջ:
Արդյունքում, Բաքվում փորձեցին կազմակերպել իմ ինքնասպանությունը (մեկուսարանում ինձ վրա հարձակվել են և ծեծի ենթարկել), այնուհետև «խղճալ» ինձ և համաներել: Հիշեցնեմ, որ մեկուսարանում ես ծեծի եմ ենթարկվել սեպտեմբերի 10-ի լույս 11-ին, իսկ արդեն սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստացվել ինձ համաներելու մասին: Զարմանալի է, այդպես չէ՞:
Ոչ, Իսրայելը չէ որպես պետություն օգնել ինձ: Ամեն հնարավորը կատարվել է անհատների, Կնեսետի անդամների, հասարակական գործիչների, լրագրողների կողմից: Նրանց շնորհակալ եմ, բայց ոչ Իսրայել պետությանը, որը վաճառել է ինձ պաշտպանական պայմանագրի դիմաց: Երևի այդպես կվարվեր ցանկացած պետություն, լինի Իսրայելը, Ամերիկան, թե Շվեդիան»,- գրել է Ալեքսանդր Լապշինը: