«Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ»` այսօր հայտարարել է ԼՂ ԱԳՆ-ն: ՀՀ ԱԳՆ-ն առայժմ Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Հայաստանում բնակվող քրդերը հայտարարում են, որ Իրաքի Քրդստանի անկախության ճանաչման հարց չեն բարձրացնի: Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ասել է Հայաստանի քրդերը միայն բարոյական աջակցություն են ցուցաբերում Իրաքի քրդերին, իսկ Հայաստանն այս հարցի շուրջ պետք է որոշում կայացնի՝ ելնելով իր շահերից: Ի վերջո, տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Սիրիան, հարևան Իրանը, որի հետ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի, կտրականապես դեմ են Իրաքի Քրդստանի անկախությանը, հիշեցրեց Հասանովը:
«Ամեն պետություն ինքն է որոշում կայացնում, ամեն պետություն ունի իր շահը: Հայաստան պետությունը նույնպես ունի իր շահը: Այսօր Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, Իրանն էլ դեմ է Հյուսիսային Քրդստանի անկախությանը: Շատ հարցեր կան, և մենք այսօր միանշանակ չենք կարող ասել՝ Հայաստանը կընդունի [անկախ Քրդստանի գոյությունը], թե չի ընդունի: Ես չեմ կարող ասել, նաև չեմ բարձրացնի Քրդստանի ճանաչման հարցը, դա պետք է Հայաստանի իշխանությունները որոշեն, դա իմ որոշելիքը չէ: Որևէ նախաձեռնությամբ հանդես չենք գալու»,- ասաց Կնյազ Հասանովը:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավարի խոսքով՝ եթե ստեղծվի քրդական անկախ պետություն, աշխարհի բոլոր ծայրերում ապրող քրդերը միայն ուրախ կլինեն, անկախ հանգամանքից՝ կգնա՞ն այնտեղ ապրելու, թե՞ ոչ: Կնյազ Հասանովը, ամեն դեպքում, Հայաստանից հեռանալ չի պատրաստվում: «Ես չէի ասի, որ այստեղից քրդերը կգնան [Քրդստան], որովհետև բոլորը Հայաստանը համարում են իրենց հայրենիքը՝ այստեղ են ծնվել, այստեղ են մեծացել, հայկական հոգեբանություն են ստացել և այլն: Անձամբ ես չեմ գնա այնտեղ ապրելու»,- ընդգծեց Հայաստանի խորհրդարանի քուրդ պատգամավորը: