«Քուրդ ժողովուրդը պատմական նոր փուլ է մուտք գործում»,- համոզված է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին: Երեքշաբթի երեկոյան քրդական հեռուստաալիքներով հեռարձակված ուղերձում Բարզանին հայտարարեց. «Քրդստանի հզոր ժողովուրդը, քվեարկելով անկախության օգտին, թույլ չտվեց, որ կոտրեն իր կամքը, կանխեց նոր հարձակումներն ու կոտորածները: Մենք նոր փուլ ենք մուտք գործել, և դա հաղթանակ է ողջ Քրդստանի համար»:
Երկուշաբթի օրը կայացած անկախության հանրաքվեի ձայների հաշվարկը շարունակվում է: Էրբիլում գործող Rudaw հեռուստաընկերության տվյալներով՝ 3 միլիոն 400 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո ձայները հետևյալ կերպ են բաշխվել` հանրաքվեի մասնակիցների 91 տոկոսը կողմ է Իրաքից անջատմանը, միայն 8 տոկոսը` դեմ:
Անդրադառնալով հարևան պետություններից` նախ և առաջ Թուրքիայից հնչող սպառնալիքներին, Բարզանին ասել է․ «Պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն եկեք երկխոսություն սկսենք, լավ հարևաններ լինենք: Հարգանքով վերաբերվեք Քրդստանի ժողովրդի կամքին: Ի վերջո, ինչպե՞ս կարող է միլիոնավոր մարդկանց կարծիքը ոչ լեգիտիմ լինել»:
Երեկ Թուրքիայի նախագահը մի քանի հայտարարություն արեց, որ արևմտյան մամուլը աննախադեպ կոշտ որակեց: Էրդողանը պնդում էր, որ Բարզանիի կառավարության կողմից անկախության հանրաքվեի անցկացումը դավաճանություն էր, չէր բացառում Իրաքյան Քրդստանի տնտեսական շրջափակման հնարավորությունը: «Ծորակը մեր ձեռքում է: Մենք կարող ենք փակել ցանկացած պահի, և Հյուսիսային Իրաքի նավթային եկամուտները պարզապես կցամաքեն: Երբ բեռնատարները դադարեն Հյուսիսային Իրաք ուղևորվել, երկրամասի բնակչությունը կարող է սովի մատնվել»,- հայտարարում էր Էրդողանը: «Մենք կարող ենք զրկանքների բախվել, բայց ես վստահ եմ` մեզ պայծառ ապագա է սպասում: Միասնության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»` հայտարարել է Մասուդ Բարզանին: Իրաքի կենտրոնական իշխանությունները, որոնք հակասահմանադրական էին որակել հանրաքվեի անցկացումը, արդեն իսկ դիմում են կոնկրետ քայլերի: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարում է, որ արդեն երկու օրից Իրաքյան Քրդստանի օդային տարածքը կարող է արգելափակվել քաղաքացիական օդանավերի թռիչքների համար: «Իրաքը չեղյալ կհայտարարի Քրդստանում գտնվող երկու օդանավակայաններից` «Էրբիլից» և «Սուլեյմանիայից» իրականացվող բոլոր միջազգային չվերթերը, եթե մինչև ուրբաթ օրը դրանք կրկին չհայտնվեն դաշնային իշխանությունների իրավասության ներքո»,- ասում էր Աբադին:
Բաղդադից և հարևան պետություններից եկող ճնշմանը դիմակայելուց բացի, իրաքցի քրդերը գործ ունեն նաև առաջատար գերտերությունների դժգոհության հետ: Անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտարարում էր․«Միացյալ Նահանգները և կոալիցիան նախ և առաջ մտահոգված են այն իրողությամբ, թե ինչ ժամանակահատվածում էր կազմակերպվել այդ հանրաքվեն: Մենք չենք ցանկանում, որպեսզի Իրաքը մասնատվի: Մեր առաջնահերթություններն են «Իսլամական պետության» դեմ հաղթական պայքարը, «Իսլամական պետության» ոչնչացման անհրաժեշտությունը: Միասնական և ժողովրդավարական Իրաքը վայելում է մեր աջակցությունը»:
Չնայած միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ տարաձայնություններին՝ քրդական հանրաքվեի հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի տեսակետները համընկնում են: ՌԴ ԱԳՆ-ն ևս պնդում է, որ Մոսկվայի առաջնահերթությունն է «Իրաքի և Մերձավոր Արևելքի մյուս պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: «Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին: Մեր համոզմամբ, սակայն, բոլոր վիճելի հարցերը Իրաքի դաշնային կառավարության և Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավարության միջև կարող են և պետք է լուծվեն հարգալից և կառուցողական երկխոսության միջոցով: Դրա նպատակը պետք է լինի միասնական իրաքյան պետության շրջանակներում համակեցության փոխադարձ ընդունելի բանաձևի մշակումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը: