ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ելք» խմբակցության նախագիծը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին այսօր չքննարկվեց, քանի որ նախագծի հիմնական զեկուցող՝ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Մարուքյանի բացակայությունը կանխատեսելի էր, դա քաղաքական մարտավարություն է։ Նրա խոսքով, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի մերժումից հետո ենթադրվում էր, որ Մարուքյանը չի ներկայանա։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե նախագծի հիմնական զեկուցողը չի ներկայանում, հարցի քննարկումը հետաձգվում է մինչև երկու ամիս։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չի ընդունվել։ Նախագծին դեմ էր քվեարկել 10 պատգամավոր, կողմ էր միայն մեկը՝ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։ Դեմ քվեարկեցին նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։