NASA-ն և Հոպկինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի մասնագետները տիեզերական հեռակառավարվող սարք են մոնտաժում, որը կարձակվի 2018-ի հունիսին: Առաքելության հիմնական նպատակը Արեգակի ուսումնասիրությունն է:
Թռչող սարքը անվանվել է ամերիկացի աստղագետ ֆիզիկոս Յուջին Փարքերի անունով, որ 1958-ին բացահայտել է «արևային քամիներ» երևույթը` իոնացված մասնիկների հոսք, որն առաջանում է Արեգակի կենտրոնում և տարածվում արեգնակային ամբողջ համակարգով: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակից Նիքի Ֆոքսն ասել է. «Մենք կթափանցենք բազմաթիվ գաղտնիքներ թաքցնող տարածություն, որ տասնամյակներ շարունակ հուզում է գիտնականերին: Հիմա վերջապես կարող ենք բացել այդ գաղտնիքները: Դա նույնն է, ինչ երեխային քոլեջ ուղարկելը, ես գիտեմ, որ սարքը մեզ կգրի, մեծ ծավալի տվյալներ կփոխանցի և ամեն ինչ հրաշալի կլինի»: Սարքը նախ յոթ պտույտ կկատարի Վեներա մոլորակի շուրջը, իսկ 2024-ին կմտնի Արեգակի ուղեծիր և 24 պտույտ կկատարի` յուրաքանչյուր պտույտով ավելի մոտենալով Արեգակին: