Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների շարունակվող փաստերի հետ կապված՝ կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը սենատոր Ջիմ Մաքհովերնի հետ Կոնգրես է ներկայացրել 537 օրինագիծը, որը պարունակում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության պահանջ։
«Ակնհայտ է, որ մեր երկրների միջև առկա են անվտանգության և տնտեսության ոլորտում կարևոր կապեր, սակայն մարդու իրավունքների խախտումները չեն կարող անտեսվել»,-ասվում է Սմիթի հայտարարությունում։ Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ կառավարությանն առաջնահերթություն համարել մարդու իրավունքներն ու ադրբեջանցի ժողովրդի հիմնարար ազատությունները՝ երկրի կառավարության հետ համագործակցության ժամանակ։ Օրինագիծը նաև կոչ է անում կիրառել Մագնիտսկու գլոբալ ակտի դրույթները՝ պատժելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ովքեր խախտում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքները։ Օրինագիծը հորդորում է Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որոնց ազատազրկումը ճանաչված է քաղաքականապես մոտիվացված։