ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր երկիրը ոչնչացնում է վերջին քիմիական զենքերը, ինչը քիմիական սպառազինության հսկողությամբ զբաղվող միջազգային խումբը որակել է «խոշոր քայլ»: «Սա պատմական իրադարձություն է: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի ջանքերը օրինակ կծառայեն այլ երկրների համար»,- ասել է Պուտինը՝ ավելացնելով․«ԱՄՆ-ը, դժբախտաբար, չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, երբ խոսքը վերաբերում է քիմիական զենքի ոչնչացման ժամկետին»:
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Քիմիական զենքերի կոնվենցիայի անդամներ են, որ պարտավորեցնում էր նրանց ոչնչացնել քիմիական զենքի պաշարները մինչև 2007-ը, այնուհետև երկարացված ժամկետով՝ մինչև 2012-ը: Երկու կողմերն էլ չեն կատարել պարտավորությունը նշված ժամանակահատվածում: Ամերիկյան կողմը պնդում է, որ մինչև 2013-ը ոչնչացրել է քիմիական զենքի պաշարների մոտ 90 տոկոսը: