Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Նախագահն ընդգծել է, թե Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան «վկայում է, որ ԽՎ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»: Նախագահը ԵԱՀԿ ԽՎ-ն կարևոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման և երկխոսության համար՝ «ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջև շփումներին նպաստելը՝ այդպիսով նաև բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար»:
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԽՎ-ն շատ լավ հարաբերություններ և համագործակցություն ունի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ԵԱՀԿ ԽՎ-ում: