ԱՄՆ-ի առողջապահության նախարար Թոմաս Փրայսը ուրբաթ օրը հրաժարական է տվել մասնավոր և ռազմական ավիաչվերթերը իր ծառայողական նպատակներով օգտագործելու սկանդալի պատճառով: Վերջին օրերին նա մամուլի խիստ քննադատության տակ էր: Սկանդալը ծագեց, երբ Politico հանդեսում հրապարակվեց նախարարության գլխավոր վերստուգիչ մարմնի հաշվետվությունը, որից պարզ դարձավ, որ նախարարի դեպի Եվրոպա, Աֆրիկա, ներքին թռիչքները ամերիկացի հարկատուների վրա 500 հազար դոլար են նստել: Մի քանի անգամ նախարարին ուղեկցել է նրա կինը: Ըստ ամերիկյան օրենքների՝ պետական ծառայողները, ներառյալ նախարարները, իրենց ուղևորությունների համար պետք է ընտրեն էժան տարբերակները՝ բացառությամբ հրատապ և արտակարգ դեպքերի:
Թոմաս Փրայսը հինգշաբթի ասել է, թե կփոխհատուցի պետությանը պատճառած 52 հազար դոլարի վնասը, բայց նրա խոսքերից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր նրան: «Առողջապահության քարտուղարն այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել, որը նախագահն ընդունել է»,- երեկ հայտնել է Սպիտակ տունը: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Դոն Ռայթը:
Ըստ մամուլի՝ Թրամփը դժգոհ էր նախարարից: Նա հույս ուներ, որ արհեստավարժ բժիշկ Փրայսը, որ 12 տարի Կոնգրեսի անդամ էր, կկարողանա համոզել օրենսդիրներին՝ ապամոնտաժելու նախկին նախագահ Բարաք Օբամայի ներդրած առողջապահական համակարգը, որ չստացվեց: