Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են և մի շարք նախագծերի շրջանակներում համագործակցության միջոցով կնպաստեն ավելի կայուն և զարգացած տարածաշրջանի ստեղծմանը` հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով CEO Lunch Tbilisi միջոցառմանը՝ նվիրված Caspian Energy Georgia ընկերության գործունեության մեկնարկին:
Նրա խոսքով՝ Բաքուն և Թբիլիսին ներդրում են անում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, միավորում են շրջաններ և շուկաներ:
«Մեր հարաբերությունների ամրապնդումը ստեղծում է տնտեսական աշխուժացման և կայունության նախադրյալներ: Մենք ողջունում ենք Վրաստանում ադրբեջանական ընկերությունների հաջողությունները: Մենք փոխադարձ ներդրումների ծավալի մեծացման, փոքր և միջին բիզնեսի համատեղ զարգացման շատ ծրագրեր ունենք, ծրագրում ենք նաև մեր համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի»,- նշել է Վրաստանի վարչապետը: Կվիրիկաշվիլին հատուկ շեշտել է, թե ինչպես է Ադրբեջանն օգնել Բորժոմի տարածաշրջանում հրդեհաշիջման աշխատանքներում: «Վրաց ժողովուրդը երբեք չի մոռանա այն օգնությունը, որ ադրբեջանցի ժողովուրդը ցուցաբերեց մեզ հրդեհները մարելու ժամանակ: Նախագահ Ալիևի հանձնարարությամբ ադրբեջանցի հրշեջները, ուղղաթիռները և հատուկ տեխնիկան հանգցրին հրդեհը: Վրաց ժողովրդի անունից ևս մեկ անգամ երախտագիտություն եմ հայտնում»: Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Caspian Energy Georgia ընկերությունը կարևոր դեր կխաղա Վրաստանի և Ադրբեջանի առևտրատնտեսական հարաբերություններում:
CEO Lunch Tbilisi միջոցառմանը մասնակցում են Վրաստանում գործող 50 ադրբեջանական ու թուրքական և տեղական ընկերություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ: