Բռնապետերը սիրում են իրենց մեթոդներն ու մարտավարությունը օգտագործել նաև իրենց երկրների սահմաններից դուրս: Նրանցից մեկն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` խմբագրականում գրում է ամերիկյան The Washington Post-ը:
Հեղինակները հիշեցնում են, որ Վրաստանում առևանգելուց մի քանի ամիս անց, լրագրող Աֆղան Մուխթարլին դեռ բանտում է: «Պարոն Ալիևը ավտորիտար առաջնորդի մեթոդները հեշտությամբ տեղափոխեց այլ երկիր` Վրաստան: Եվրոպական խորհրդարանը դատապարտող փաստաթուղթ ընդունեց, սակայն նման վարքագիծը միջազգային սուր հանդիմանության չհանգեցրեց, որին այն արժանի էր: Պետդեպարտամենտը հակիրճ հայտարարությամբ նշեց, որ «մտահոգված է առևանգման մասին հաղորդագրություններով»: Նման արձագանքը Ալիևի համար վկայում է, որ ԱՄՆ-ում նախագահ Թրամփի գլխավորությամբ, անտարբեր են մարդու իրավունքների նկատմամբ»,- նշվում է հոդվածում:
Հեղինակը գրում է, որ բռնատերերը սիրում են փոխանակել մեթոդներն ու մարտավարությունները, ճնշում գործադրել արտերկրյա հասարակական կազմակերպությունների վրա, զգուշացնել «ամեն ծառի հետևում թաքնված գործակալներին», խեղդել համացանցում խոսքի ազատությունը:
«Պարոն Ալիևն այնքան լավ է տիրապետում ոչ լիբերալ գործիքներին, որ կարող է բռնապետության սեմինար անցկացնել: Ցավոք, լսարաններն արդեն լրացված են»,-գրում է հեղինակը: Նա շեշտում է, որ Վրաստանը պետք է հնարավորինս շուտ խոստովանի, իսկ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատի Մուխթարլիին: «Լավ կլիներ, եթե ավելի շատ կառավարություններ դատապարտեին Ալիևի տհաճ հնարքները: Սա կարող է սահմանափակել բռնապետների հասանելիությունը»,- ամփոփում է հոդվածի հեղինակը: