Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականները հույս ունեն, որ Ադրբեջանի իշխանությունները կվերանայեն իրենց կալանավորման որոշումը` «Ազատության» հետ զրույցում ասել է նրանցից մեկը՝ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր ՈՒֆուք ՈՒրասը: Նա թուրք հասարակական-քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ Էրոլ Քաթըրջըօղլուի, Սայիդ Չեթինօղլուի և Ալի Բայրամօղլուի հետ սեպտեմբերի 22-24-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրանց դեմ «երկրի պետական սահմանը խախտելու» մեղադրանքով, Ադրբեջանի ԱԳՆ նրանց ներառել է տխրահռչակ «սև ցուցակում»: ՈՒֆուք ՈՒրասի խոսքով՝ իրենց այցը խաղաղ բնույթ ուներ, ադրբեջանական իշխանությունների նման արձագանքը չափազանցված է:
«Տեղյակ էի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց ընդգրկում է «սև ցուցակում», սակայն մեզ կալանավորելու որոշումը չափազանց է, մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ ինչու՞ պետք է ենթարկվենք իրենց օրենքներին: Երբ Ղարաբաղ էինք գնացել, այնտեղ զբոսաշրջիկների խմբեր տեսանք, տարբեր երկրներից մարդիկ գալիս-գնում են Ղարաբաղ: Կարծում եմ՝ այսպիսի արձագանք եղավ, քանի որ մենք Թուրքիայից էինք եկել: Հուսով եմ, որ այս որոշումը կվերանայվի»,- ասաց ՈՒրասը:
Պատասխանելով հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ Թուրքիայի իրավապահ մարմինները կարող են իրենց ձերբակալել և արտահանձնել ադրբեջանական իշխանություններին, ՈՒֆուք ՈՒրասը նշեց. «Մենք խորհրդակցել ենք իրավաբանների հետ, նրանց կարծիքով՝ արտահանձնման խնդիր չի կարող լինել, քանի որ Թուրքիայի քաղաքացի ենք, սակայն հնարավոր է այստեղ ինչ-որ դատական խնդիր առաջանա: Այս պահին միայն Ադրբեջան չենք կարող գնալ, նաև արտասահման գնալու հետ կապված խնդիր կա` միջազգային հետախուզման միջոցով կարող են մեզ ձերբակալել և արտահանձնման որոշում կայացնել: Այդ պատճառով մեր իրավաբան ընկերները խորհուրդ են տալիս այս ընթացքում երկրից դուրս չգալ»: «Այս հանգամանքը ցույց է տալիս, որ լրջորեն խախտվել է մեր ազատության իրավունքը»,- շեշտեց թուրք մտավորականը: