Այսօր Կատալոնիայում անկախության հանրաքվե է անցկացվում: Իսպանիայի կենտրոնական իշխանությունները խոչընդոտում են հանրաքվեի անցկացմանը՝ համարելով անօրինական և հակասահմանադրական: Վերջին օրերին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Կատալոնիայում: Իսպանիայի գերագույն դատարանը արգելել է հանրային շենքերը օգտագործել որպես ընտրական տեղամասեր:
Ոստիկանությունը Բարսելոնում և այլ քաղաքներում փակել է ընտրատեղամասերի մուտքերը: Նրանք ընտրողներին չեն թույլատրում քվեարկել, առգրավում են քվեատուփերը: Չնայած Մադրիդի քայլերին, դեռ գիշերվանից հազարավոր կատալոնցիներ հերթ էին կանգնել ընտրական տեղամասերի մոտ: Մի շարք տեղամասեր առավոտյան բացվել են: Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջդեմոնթին հաջողվել է քվեարկել բացված տեղամասերից մեկում: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ընտրողները կարող են քվեարկությունը կատարել տանը և թերթիկը բերել գործող ընտրատեղամասերից որևէ մեկը: Ոստիկանների և քվեարկողների միջև քաշքշոց է տեղի ունեցել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ:
Կատալոնիայում շուրջ 5 միլիոն 300 հազար մարդ ընտրելու իրավունք ունի: Նրանց մի մասը դեմ է անկախությանը և չի մասնակցում հանրաքվեին: