Կատալոնիայում բախումներ են տեղի ունեցել Իսպանիայի ոստիկանության և անկախության հանրաքվեի մասնակիցների միջև, երբ իրավապահները, կատարելով Մադրիդի հրամանը «անօրինական» հանրաքվեն դադարեցնելու վերաբերյալ, ներխուժել են ընտրատեղամասեր և առգրավել քվեատուփերը: Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են, որ ոստիկանների հետ բախումներում 38 մարդ է վիրավորվել:
El Periodico թերթը հաղորդում է, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել կենտրոնական Բարսելոնի ընտրատեղամասերից մեկում:
Կատալոնիայի կառավարության խոսնակ Ջորդի Թուրուլը հայտարարել է, որ տարածաշրջանի 2300 ընտրատեղամասերի երեք քառորդը բացվել են և գործում են, թեև Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ կեսից ավելին փակվել է: Ջորդի Թուրուլը կոչ է արել քաղաքացիներին քվեարկել՝ չնայած դժվարություններին: «Ժողովրդավարությանը աջակցելը միշտ իր արդյունքը կբերի, տեղի տալը և պետությանը հանձնվելը իմաստ չունի»,- ասել է նա:
Ոստիկանությունը սեպտեմբերի 30-ին արգելափակել է տարածաշրջանի բոլոր դպրոցները, որտեղ պետք է անցկացվեր հոկտեմբերի 1-ի քվեարկությունը: Բացի այդ, իրավապահներն առգրավել են ավելի քան 10 միլիոն քվեաթերթիկ:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, չնայած սպառնալիքներին` ընտրատեղամասեր են բերվել քվեատուփեր: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեն անցկացնելու նպատակով ընտրողներին կթույլատրվի օգտագործել տնային պայմաններում տպագրված քվեաթերթիկներ:
Հանրաքվեի բազմաթիվ աջակիցներ դիրքավորվել են դպրոցներում, նրանցից շատերը ընտանիքներով, երեխաների հետ գիշերել են այստեղ` փորձելով իրենց ձեռքում պահել ընտրատեղամասերը մինչև քվեարկության մեկնարկը: