Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը: Բավրայի անցակետի շահագործման հանձնմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը երրորդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:
Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 54,43 մլն եվրո:
ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է 2010-ից՝ «ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին» նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է միջոցառումների ծրագրի հաստատումը:
Նորաբաց անցակետի շինարարությունը սկսվել է 2013-ին: 11 հեկտար տարածքի վրա կառուցված անցակետը, որն ունի նաև ուղղաթիռային հարթակ, զինված է ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով: Նախագահը շրջայց է կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին: Նրան զեկուցվել է, որ անցակետում գործող ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված «1 կանգառ, 1 պատուհան» էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը և ապահովել տեղեկատվության սահուն փոխանակում բոլոր պատկան ծառայությունների միջև: Արդիական ենթակառուցվածքների ներդրումը դրական կանդրադառնա Վրաստանի և երրորդ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների վրա, նոր հնարավորություններ կստեղծվեն դեպի Իրան և Իրանից դեպի եվրոպական ու ԵԱՏՄ երկրներ, Վրաստան տարանցիկ փոխադրումների համար, կմեծանա Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքը, կընդլայնվի միջպետական առևտուրը:
Պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Նախագահին զեկուցվել է, որ բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: Ծրագրի շրջանակում նոր կառուցված անցակետի գազիֆիկացմանը զուգընթաց գազիֆիկացվել է Շիրակի մարզի վեց համայնք:
Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլու գլխավորած պատվիրակությունը: