ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վրա զուր ժամանակ է վատնում: «Ես Ռեքս Թիլերսոնին՝ մեր հիասքանչ պետքարտուղարին, ասել եմ, որ նա զուր ժամանակ է վատնում՝ փորձելով երկխոսություն հաստատել հրթիռ մարդուկի հետ... Ռեքս, խնայիր էներգիադ, մենք կանենք այն, ինչ պարտավոր ենք»:
Ավելի վաղ Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պահպանել է Փհենյանի հետ կապի ուղիղ խողովակները ու բանակցությունների համար հնարավորություն է փնտրում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կարգավորել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի խնդիրը, ինչը չի հաջողվել իր նախորդներին։ Իր թվիթերյան էջում նա գրել է, «Մարդ-հրթիռի հետ սիրալիր վերաբերմունքը չի աշխատել 25 տարի, ինչու՞ պետք է հիմա աշխատի։ Քլինթոնը ձախողել է, Բուշը, Օբաման նույնպես ձախողել են։ Ես չեմ ձախողվի»։