«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ողջունում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը»` ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: «Այս հանրաքվեն, որպես նախադեպ, շատ կարևոր է մեզ համար: Ընդհանրապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, և դա հնարավոր չէ ընդմիշտ կասեցնել, կամ փորձել թույլ չտալ, ճնշել: Դա մենք տեսնում ենք Կատալոնիայի օրինակով: Կատալոնիան, ի տարբերություն Արցախի, այնքան մեծ բռնաճնշումների չի ենթարկվել Իսպանիայի կողմից: Բայց, այնուամենայնիվ, այդ ժողովուրդն ուզում է սեփական ճակատագիրը որոշել իր սեփական կամքի միջոցով և դիմում է հանրաքվեի, որպես լեգիտիմ, ժողովրդավարական մի գործընթաց: Բնական է, որ մենք, անցնելով նույն ճանապարհը, չենք կարող չողջունել»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Լեռնային Ղարաբաղում, Դավիթ Բաբայանի խոսքով՝ ուշի ուշով հետևել են երեկվա իրադարձություններին, շատ են ուզում, որ հարցը խաղաղ լուծում ստանա: «Դժբախտաբար, մենք տեսանք, այդ հանրաքվեն, որը, որպես խաղաղության մի դրսևորում, խաղաղ գործընթացներով է անցել, բայց ենթարկվեց բռնությունների, կան բազմաթիվ տուժածներ, ձերբակալվածներ: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Իսպանիան իր մեջ ուժ կգտնի, և այդ հարցը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժողովուրդներն ուզում են ապրել այնպես, ինչպես ցանկանում են, և սա այն իրավունքն է, որը հնարավոր չի ճնշել ընդմիշտ»,- շարունակեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը ողջունել էր Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: