Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՊՆ-ն մտադիր է 27 միլիարդ դրամի նոր սպառազինություն ձեռք բերել

ՊՆ-ն մտադիր է 27 միլիարդ դրամի նոր սպառազինություն ձեռք բերել
02.10.2017 | 20:20

2018-ի բյուջեի նախագծում պաշտպանական ոլորտի ծախսերը հիմնականում հենց այդ նպատակով են ավելացել 55 միլիոն դոլարով։ Նախարարը չմանրամասնեց, թե որ երկրներից և ինչ նոր զինատեսակներ են ցանկանում ձեռք բերել՝ ասելով․ «Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից-այնտեղից ձեռք բերման մասին խոսակցությունն անօգուտ է, անիմաստ է: Առաջին հերթին՝ դժվարացնում է բոլոր գործընթացները, երկրորդ` քո հեռանկարային ծրագրի բացահայտումն է, որը նաև հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել»:


Սպառազինության ձեռքբերման վերջին խոշոր պայմանագիրը Հայաստանը ստորագրել է անցյալ տարվա սկզբին։ 200 միլիոն դոլար վարկի դիմաց ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը Հայաստանին պարտավորվեց տրամադրել մի շարք նոր սպառազինություններ։ Սակայն գրեթե երկու տարի է անցել, իսկ այդ մատակարարումը դեռ չի ավարտվել:


Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը կտրամադրի ողջ սպառազինությունը․«200 միլիոնը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ, ինչպես նախատեսված էր պայմանագրերով»:
Ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին՝ Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կրճատելու են նախարարության հաստիքացուցակը, գործընթացն արդեն քննարկման փուլում է: Թե որքան կկրճատվի աշխատակազմը, նախարարն առայժմ չի հստակեցնում․ «Պաշտպանության նախարարության համակարգում բազմաթիվ վարչություններ, բաժիններ, բաժանմունքներ կան, և այնպես է ձևավորվել տարիների ընթացքում, որ բավականին մեծ է ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների թիվը մեր ծառայողների թվի մեջ: Մենք ձգտում ենք, որ հնարավորինս բաժինները դառնան ավելի ունիվերսալ.... օպտիմալացում որոշակի»: Պաշտպանության նախարարությունը առաջիկայում կփոփոխի նաև զինվորական ծառայությունից ուսման նպատակով տարկետում ստանալու ընթացակարգը։ Նախարարի խոսքով, պատկերը մտահոգիչ է․ տարեկան այդ իրավունքից օգտվում է մոտ 800 ուսանող, գերակշիռ մասը հետագայում չի ծառայում բանակում․«Պետք է վատ թիվ հնչեցնեմ շատ․18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինվորական ծառայության է զորակոչվում մոտ 16-17 տոկոսը: Մեր քաղաքականությունը, որը ներառված է «Պատիվ ունեմ» ծրագրի տրամաբանության մեջ, միտված է հետևյալին՝ տարկետումը տրվում է այն քաղաքացուն, ով որոշում է կայացնում, որ բակալավրիատը ավարտելուց հետո ինքը պատրաստ է երեք տարի, երկուսի փոխարեն, ծառայել որպես սպա»:


Անցած մեկ տարում, պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել 10 օրենքի նախագիծ: Դրանցից մեկով, օրինակ, նախարարությունը ցանկանում է բարձրաստիճան պաշտոնյաներին պարտավորեցնել, ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերում նշել նաև իրենց և իրենց զավակների զինվորական ծառայության մասին տեղեկությունները, որոնք հետագայում, ըստ Վիգեն Սարգսյանի, հնարավոր է նաև որոշակի իրավական հետևանք ունենան․ «Կան մարդիկ, որոնք համարում են, որ կարող է օրենսդրության մեջ սահմանափակում մտցվի առհասարակ չծառայած կամ որևէ հիմնավորումով Զինված ուժերում ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ: Դա իրավաբանները պետք է ասեն: Իհարկե, ես համարում եմ, որ ցանկալի է, որ լինեն դրանից բխող իրավական հետևանքներ, և փորձելու ենք այդպես ձևակերպել»:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ