Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման գործում:
Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կողմից դեսպանների հավատարմագրումը լավ հնարավորություն կտա արդյունավետ օգտագործելու երկկողմ հարաբերությունների ներուժը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոլումբիայի դեսպանը նշել է, որ որպես առաջին դեսպան իր առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ հայ-կոլումբիական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` միջազգային կառույցներում համագործակցության խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական շփումների հաստատման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական և մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ: