Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ` Երևանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «ՈՒրախ եմ հերթական անգամ Երևանում ողջունել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար, իմ լավ բարեկամ Յոհանես Հանին: Մեր շփումները, հանդիպումներն ու երկխոսությունը պարբերական բնույթ են կրում։ Միայն այս տարվա ընթացքում պարոն Հանի հետ արդեն հինգերորդ հանդիպումն է, վերջին անգամ հանդիպել էինք շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 8-ին, Տալլինում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում և այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում։
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական Միությունը արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանման, ժողովրդավարական հաստատությունների առավել ամրապնդման, դատական համակարգի ու արդյունավետ կառավարման բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին: Ես կցանկանայի ընդգծել մեր համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համաձայն վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել՝ Հայաստանը միանացավ «Հորիզոն 2020», «COSME» ծրագրերին։ Ավարտվեցին «Ստեղծագործ Եվրոպա» և Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրերին միանալու մասին բանակցությունները:
Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը։
Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել և նախաստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։
Բրյուսելյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթնաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։
Հայաստան-Եվրամիություն օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը։ Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության ու մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի ու Ռիգայի գագաթնաժողովների հռչակագրերում:
Մեր օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես, Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնումը, առաջարկներ կան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի և նվազեցման, գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ: Համոզված եմ, որ մեր փոխգործակցությունը կհամալրվի նաև այլ փոխշահավետ ծրագրերով:
Մենք մտքեր փոխանակեցինք ոլորտային փոխգործակցության շուրջ, անդրադարձանք «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում գալիք 3 տարվա հիմնական ուղղությունները:
Հայաստանի և Եվրամիության միջև ընդգրկուն փոխգործակցություն է ծավալվում ամենատարբեր ոլորտներում: Բերեմ մի քանի օրինակ. արդեն 3 տարի է, ինչ Եվրոպական միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը՝ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի»՝ ENPARD-ի միջոցով։ ԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի արդիականացման գործընթացին՝ Արևելյան գործընկերության Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում։ Երեկ Բավրայում անցակետի բացումով ավարտվեց այս ծրագրի հերթական փուլը։
ԵՄ-ն` իր Հարևանության ներդրումային գործիքի միջոցով աջակցել է նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ փոխանակման գծի կառուցմանը:
Կարևորում ենք նաև Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակներում ակտիվ բազմակողմ համագործակցությունը, համալսարանների միջև փոխգործակցության, ուսանողական փոխանակումների և շարժունակության, լավագույն փորձի փոխանակման հարցերում:
Հանձնակատար Հանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հրատապ միջազգային խնդիրները, մերձավորարևելյան զարգացումները, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, իրավիճակը կորեական թերակղզում։
Պարոն Հանին ներկայացրի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։ Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ ու ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՚,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։