Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Ինքնակոչը արատավորում է փառավոր տոհմի պատիվը և պատմագրությունը

Ինքնակոչը արատավորում է փառավոր տոհմի պատիվը և պատմագրությունը
03.10.2017 | 09:08

Հայոց տոհմագրության պատմությունը, թերևս, երբեք չի ենթարկվել այնպիսի հարձակումների (աղավաղումներ, հորինվածքներ, կեղծիքներ), ինչպես վերջին տարիներին: Նման խայտառակ «փաստերով» է լեցուն վերջերս տպագրված «Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» վերտառությամբ գիրքը, որի հեղինակն է ճանաչված և նշանավոր պատմաբանների, հետազոտողների, գրողների գաղափարները, շարադրանքները, հայտնաբերած փաստաթղթերը, մեղմ ասած` տարիների տքնաջան պրպտումների պտուղները յուրացնելու «մեծ վարպետ», նշանավոր գրագող Ստեփան Ջալալյանը, որ հանդես է գալիս որպես հիշյալ «տոհմի ժառանգ»:

Եթե նույնիսկ շա՜տ ցանկանանք ընդունել, որ Ստեփան Ջալալյանը Հասան-Ջալալյանների տոհմից է, միևնույն է, չի ստացվի, որովհետև հենց ինքն է մատնում իրեն: Այսպես, գրքի 13-րդ էջում նա գրում է, թե համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում սովորելու տարիներին դեռ ոչինչ չգիտեր Գանձասարի նշանավոր կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի մասին, և երբ քննության հարցաշարում հանդիպեց նրա անվանը, «մեծահոգաբար պատիվ արեց» հետաքրքրվելու, թե ով է այդ մարդը: ՈՒ եթե նա Հասան-Ջալալյան է, իսկ ինքը` Ջալալյան, ապա հավանաբար «ազգակցական կապ կա նրա և իր միջև»: Եվ սա, գիտակցաբար, թե անգիտակցաբար, խոստովանում է համալսարանի ուսանողը… ու հիշյալ քննությունից սկսած (2001 թվական), ծանոթանալով այդ տոհմի պատմությանը, 2006-ից ձեռնամուխ է լինում «Հասան-Ջալալյան» ազգանունը շորթելուն: Ե՞վ… խաբեությամբ մարդը ճանկում է Հասան-Ջալալյան ազգանունը:


Կեղծիքների այս ճանապարհին նրան հաջողվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնից գաղտնի պահել, իմա` չիրազեկել ազգանվան փոփոխության վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թ. օգոստոսի 3-ին և Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թ. նոյեմբերի 17-ին կայացրած վճիռների մասին, որոնցով մերժվել է Հասան-Ջալալյան ազգանունը կրելու իրավունք ստանալու նրա հայցը, քանի որ հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել, ինչպես և ապացույց չի եղել, որ Հասան-Ջալալյանները նրա նախնիներն են: Որքան էլ նա այսօր կրում է Հասան-Ջալալյան ազգանունը, այնուամենայնիվ ես այս հրապարակման ընթացքում սույն ինքնակոչին կներկայացնեմ իր իսկական` ծնված օրից մինչև 2010 թ. ապրիլի 6-ը կրած ազգանվամբ, որն իր հավանական նախապապ Ջալալի անունով է` Ջալալյան:


Որպես «Հասան-Ջալալյաններ» տոհմական հիմնադրամի նախագահ, որպես տեր Երեմիայի թոռ Իսաջան բեկ Հասան-Ջալալյանի ծոռնուհի, հարկ եմ համարում բարձրաձայնել` հիշյալ սուբյեկտը իր «մատյան գրագողության» հրատարակմամբ արատավորել է Հասան-Ջալալյան փառահեղ տոհմի պատիվը: Ինչպե՞ս… Կներկայացնեմ իմ իմացածի ու նաև իմ իրավունքների սահմաններում:
Մինչ բուն ասելիքիս անդրադառնալը փաստեմ կարևոր մի հանգամանք. չեմ կասկածում, որ շահադիտական նկատառումներով գրված, որպես հավանական ճշմարտություն մատուցվող, կեղծիքով ու միայն արտագրություններով լեցուն հակապատմական-հակագիտական հիշյալ գրքի մասին իրենց անաչառ խոսքը կասեն բնագավառի մասնագետները, միջնադարագետ պատմաբանները: Հետևաբար ես կանդրադառնամ միայն Վանք գյուղի Հասան-Ջալալյաններին վերաբերող խառնիճաղանջ և կեղծ տեղեկություններին, որոնք հեղինակը «երկնել» է մեկ նպատակով միայն` տեր Երեմիայի որդի Ջալալ բեկին դարձնել իր մեծ պապը, քանի որ նրա անունն էլ է Ջալալ:


Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ գիրքը` կհարցնեն ընթերցողներից շատերը: Հակիրճ կպատասխանեմ` այն մի հսկա խառնաշփոթ-դավթար է` լեցուն արտագրություններով և իրական փաստերի աղավաղումներով, որոնք հեղինակը ծառայեցրել է Հասան-Ջալալյան տոհմի ներկայացուցիչ համարվելու իր գերնպատակին և, ինչպես ասում են, տվյալ դեպքում պատմությունը պտտեցրել է իր և իր ընտանիքի առանցքի շուրջ` առանց հաշվի առնելու, որ մարդիկ դեռ ապրում են, որ կենդանի են Հասան-Ջալալյան բեկերի թոռները, ծոռները և հարազատները:
Ընթերցողի մեջ թող այն տպավորությունը չստեղծվի, որ ես այն կարծիքին եմ, թե որևէ Ջալալի շառավիղներ չեն կարող կրել իրենց պապի անունով ազգանուն` Ջալալյան: Քավ լիցի: Այդպես արվում է նաև այժմ` իրենց և երեխաների ազգանունները դարձնում են հոր կամ պապի անունով, ի պատիվ նրանց:
Անդրադառնանք բուն նյութին. այս գրագողը Հասան-Ջալալյան տոհմի Ջալալներին թվագրելով և ինչպես ինքն է ասում, իր նախապապ Ջալալին «պայմանականորեն անվանելով Ջալալ VII», միացնում է նրանց ու հասցնում մինչև մեր օրերը: Այժմ փորձենք հստակեցնել թե ինքնակոչ Ստեփան Ջալալյանի պապի պապ Սիրականի հայր Ջալալն ինչ կապ ունի Հասան-Ջալալյանների հետ:


Սկզբնական շրջանում և դատական պրոցեսներում, օգտագործելով այն փաստը, որ Հասան-Ջալալյաններին վերաբերող նյութերը պահպանվել են մինչև 1800 թվականը, մինչև տոհմի ներկայացուցիչ Ջալալ Հասան-Ջալալյանը («Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Ա. Վիրաբյանի կողմից հաստատված տեղեկանք N 453, 27. 06. 2006 թ. ) և Ջալալ անունը կրող բեկը արխիվային տվյալներով վերջինն է ու տարիքային առումով իբր համապատասխանում է Դրմբոնի նախկին բնակիչ և Ստեփան Ջալալյանի մեծ պապի պապ Սիրականի հոր անվանը, սույն ինքնակոչն առանց վարանելու, Վանքի Ջալալ բեկ Հասան-Ջալալյանին կարծես թե փորձել է դարձնել իր Սիրական նախապապի հայրը: Սակայն, հավանաբար ստուգման ենթակա տվյալների անհամապատասխանությունը ստիպեց, որ դատարանների մերժման վճիռներից հետո այլ ճանապարհ ընտրի: Նախ` վերը նշված միջոցներն օգտագործելով ձեռք է բերում ազգանունը, ապա` ձեռնարկում այդ «փաստը» հաստատող համապատասխան «հիմքեր», այն է` «Ջալալ» փնտրել ոչ թե Դրմբոնում, այլ Վանք գյուղում, քանի որ Հասան-Ջալալյանների բնօրրանը Վանք (Գանձասար) գյուղն է:
Ջալալ բեկին իր նախապապը դարձնելը, ինչպես տեսանելի է դառնում, ընթանում է տարբեր հնարքներով:


Ինքնակոչը Վանք գյուղի տոհմական գերեզմանատանը գտնում է Ջալալ բեկ Հասան-Ջալալյանի կնոջ` Աքերնանի շիրմաքարը, որի վրա գրված է Ջալալ անունը: Եվ այս իրողությունը «ծառայեցնում է» դրմբոնցի Սիրականի հորը Գանձասարի Հասան-Ջալալյան տոհմից սերված լինելուն:
Կեղծիքը կենսակերպ դարձրած այս անհաջողակը, հետևելով ժողովրդական «Որքան մեծ լինի սուտը, այնքան շատ կհավատան դրան» ասացվածքին, երկաթը տաք-տաք է ծեծում` առանց հապաղելու Աքերնանին իր նախատատը հռչակելու գործն է նախաձեռնում: Ինչու հենց նրա՞ն: Որովհետև այդ «տատի» ամուսնու տվյալները համեմատաբար ավելի ձեռնտու են նրան իր պապը «սազեցնելու» ձևակերպումներն անելու համար:
Ինչ վերաբերում է Աքերնանին և նրա ամուսնուն` Ջալալ բեկ Հասան-Ջալալյանին, ապա հենց ինքնակոչի գրածով, իր պապի պապ Սիրականը ծնվել է 1814 թ. (էջ 560): Իսկ Աքերնանը ծնվել է 1831 թ.:
Եվ, եթե Ջալալ բեկին ու նրա կին Աքերնանին ստիպողաբար դարձնում է իր պապի պապ Սիրականի «ծնողները», ապա հարկ է նկատել, որ «մայր» Աքերնանը տասնյոթ տարով փոքր է «որդի» Սիրականից:


Այստեղ «ճկուն ուղեղը» մեզ է հրամցնում վարկած` կամ տարեթվերից մեկն է սխալ, կամ Աքերնանը Սիրականի խորթ մայրն է: Եվ ոչինչ, որ 83 տարի շարունակ ոչ ոք այդ «սխալ» թիվը չի նկատել ու մինչև հիմա հարազատներից որևէ մեկն այդ «խորթության» մասին չի ակնարկել, բայց 2006 թ. դրմբոնցի գյուղացիները որևէ կապ կամ առնչություն չունենալով Վանքում բնավորված տոհմի և նրա ժամանակակից ժառանգների հետ, իբրև վկայություն են տալիս, որ 1800-ական թվականներին Վանք գյուղում ապրող Երեմիա քահանան ունեցել է Ջալալ անունով որդի, որն էլ ունեցել է 14 զավակ, ընդ որում` բոլորի անունները հիշատակելով (էջ 533):
Այդպիսի մի «խաղ» էլ պատկերված է գրքի 551-552-րդ էջերում:
Դրմբոն տեղափոխված եղբայրներից 9 տարեկան Գրիգորը, որը ծնվել է 1881 թ. և վախճանվել 1910 թ. (էջ 552), ունեցել է որդի` Ջալալ անունով` ծնված 1913 թ. (էջ 552): Այսինքն` Ջալալ որդին ծնվել է հայր Գրիգորի մահից 3 տարի հետո: Եվ նորից, հեղինակը «տարակուսանքով» սխալ է համարում տապանաքարի վրա գրված տարեթվերից մեկը:
Այստեղ նկատի ունենանք, որ Գրիգորի մյուս տղան` Հակոբն էլ ծնվել է հոր մահվանը հաջորդած տարում` 1911 թ., սակայն նշված չէ ամիսը (էջ 552):
Պարզվում է` սույն գրքի հեղինակը նաև ինքնացուցադրվում է` պատմական անհատների թողած պատմական փաստերի կեղծման ամոթալի մոտեցումներով, որոնք ներկայացնում է որպես «հայտնագործումներ»:


Այսպես, Բաղդասար մետրոպոլիտի կազմած տոհմածառում և նրա թողած տեղեկությունների համաձայն, Մելիք-Ալահվերդու որդի և տեր Երեմիայի եղբայր Հովսեփ բեկն ունեցել է չորս որդի և հստակ գրված են անունները` Վելիջան բեկ, Դանիել բեկ և Գրիգոր բեկ, Հովհաննես բեկ: Հնարավոր է, որ Դանիել բեկն ու Գրիգոր բեկը երկվորյակներ են եղել և այդ պատճառով էլ նշվել են միասին:
Իսկ նա «հայտնագործում է»` գրելով. «Չնայած Բաղդասար մետրոպոլիտի տեղեկության համաձայն` Հովսեփ բեկն ունեցել է երկու որդի, սակայն մենք պարզել ենք, որ նա ունեցել է ևս մեկ որդի` Ավանես բեկ անունով» (էջ 527): Իսկ թե որտեղից է պարզել, ոչ մեկին հայտնի չէ:
Մեկ այլ դեպքում ինքնակոչը նույնիսկ չի էլ նկատել, կամ չի կարողացել մեկնաբանել Գանձասարի հյուսիսային պատի տակ (դրսի կողմից) թաղված Ալահվերդի բեկ Հասան-Ջալալյանի որդու` Ներսեսի նշանավոր տապանաքար-խաչարձանը, որին ոչ մի անգամ չի անդրադառնում: Եվ սա այն դեպքում, երբ Գանձասարի պարսպից ներս մտնողի աչքին անմիջապես զարնում է այդ խաչարձանը: Հարց` ինքնակոչի արածը տրամաբանությունից զուրկ լինելու՞, թե՞ մտքի կուրության հետևանք է:


Այժմ անդրադառնանք Վանք գյուղի բեկերից տեր Երեմիայի որդի Սարգիսջան բեկ Հասան-Ջալալյանի ժառանգներին, որոնց մասին կցկտուր գրված լինելն արդյունք է այն բանի, որ գրքի հեղինակը գյուղացիներից լսածը քմահաճորեն է գրանցել:
Պարզ է ու հստակ, որ Ջալալյան Ստեփանը ոչ միայն չի կարող տեղյակ լինել Վանքի Հասան-Ջալալյաններին առնչվող ճշգրիտ տվյալներին, այլև լսածն անգամ չի կարող ըմբռնել, քանի որ անծանոթ է և՛ գյուղին, և՛ բնակիչներին, և՛ դարեր շարունակ այդտեղ բնավորված տոհմին, նրա ժառանգներին ու նրանց թողած հոգևոր ու նյութական արժանիքներին: Նա մեծացել է ոչ թե Դրմբոնում, այլ Վարդենիսում: Իսկ Վանք գյուղ առաջին անգամ ոտք է դրել վերջին տարիներին` ընդամենը մի քանի անուն լսելու և իրեն հարմար անունները ձեռնտու ձևով օգտագործելու համար:
Եվ ահա, Վանք գյուղում հարց ու փորձ անելով Սարգիսջան բեկի զավակների մասին, նա նշում է միայն երեք որդիներին` Իսաջան բեկին, Արտաշ բեկին և Տիգրան բեկին (էջ 532): Ինքնակոչը այնքան է անտեղյակ իրականությանը, որ նույնիսկ չգիտե Սարգիսջան բեկի մյուս չորս զավակների` Թագուհու, Աբաջի, Սոփիայի և Ելենայի մասին: Եվ սա այն դեպքում, երբ Ելենայի ընտանիքը մինչ օրս ապրում է իր հայրական տանը:


Ստեփան Ջալալյանի հերթական անտեղյակությունը վերաբերում է նաև Սարգիսջան բեկի որդի Իսաջան (Եսայի) բեկի զավակներին. այս դեպքում ևս նա չի նշում բոլորի անունները (էջ 532)` չիմանալով, որ Իսաջան բեկն ունեցել է ոչ թե վեց, այլ ութ զավակ: Իսկ նրա նշած Հակոբջանին իր հետ բերել է Իսաջան բեկի երկրորդ կինը` առաջին կնոջ մահից հետո: Հակոբջանի ու նրա արժանապատիվ զավակների ազգանունը ոչ թե Հասան-Ջալալյան է, այլ Գրիգորյան: Իսաջան բեկի զավակներն են` Սուրենը, Վիլհելմը, Սերյոժան, Օվսաննան, Հասմիկը, Սաթենիկը և Եվպրաքսիան, մինչդեռ հեղինակը չէր գրել Սաթենիկի և Օվսաննայի անունները:


Իսկ ինչու՞ գրքի հեղինակը չի գրել Օվսաննայի և Սաթենիկի անուններն այն դեպքում, երբ նրանց զավակներն ապրում են նաև հենց Վանքում, և անհնար է, որ այդ մասին բարեկամությունն ու հարևանությունը հայտնած չլիներ: Եթե չիմացությունն է պատճառը, ապա այդպիսին իրավունք չունի պատմությանն առնչվող գիրք գրելու, իսկ եթե դա կանխամտածված և հատուկ նպատակով է արվել, ուրեմն նրան չպետք է թույլ տալ մոտ կանգնել պատմությանն առնչվող որևէ բնագավառի:
Թերևս պահն է արձանագրելու. ես` ժասմեն Հովհաննեսի Ասրյանս, Իսաջան բեկի դուստր Սաթենիկի թոռնուհին եմ և մկրտված եմ նրա` մեծ մամիս անունով` Սաթենիկ Հասան-Ջալալյան:
Լինելով Իսաջան բեկ Հասան-Ջալալյանի ծոռնուհին, ծնվել ու մեծացել, դպրոցն ավարտել եմ Վանք գյուղում, մանկությանս և պատանեկությանս տարիներն անցկացրել եմ տեր Երեմիայի տանը, որը վերակառուցել է որդին` Սարգիսջան բեկը: Ավելին չեմ մանրամասնում և չեմ հայտնում տվյալներ մեր տոհմի մասին` դրանք նոր օգտագործման և չարաշահման չենթարկելու համար:


Ինչևէ, կրկին անդրադառնանք բուն նյութին և նկատենք` «գրքի» 532-րդ էջում Իսաջան բեկին, Տիգրան բեկին և Արտաշ բեկին որպես Սարգիսջան բեկի որդիներ ներկայացնելուց հետո, 533-րդ էջում Տիգրան բեկին դարձնում է Իսաջան բեկի որդին: Իհարկե, նման աճպարարություններն ինձ չեն զարմացնում, քանի որ ես լավ ծանոթ եմ Ջալալյան Ստեփանի մեքենայությունների ճանապարհով «Հասան-Ջալալյան» ազգանունը ձեռք գցելու նախաձեռնած քայլերին, կարևոր ժառանգների անունները միտումնավոր չներկայացնելուն, այսինքն` ժխտելուն:
Այս գրքի հրատարակումը եզակի երևույթ է այն առումով, որ պատմագիտության դաշտ է փորձում ոտք դնել մեկը, ում յուրաքանչյուր քայլը խաբեություն ու խորամանկություն է:
Թե ինչու է ինքնակոչը Սարգիսջան բեկին «թաղում» Շուշիի հյուսիսային կողմում (էջ 532), և ինչու է այլ տոհմակցի տապանաքարը վերագրում տեր Երեմիայի որդի Սարգիսջան բեկին, ցույց է տալիս ճիշտ բացահայտումներ և ճիշտ մեկնաբանություններ անելու հեղինակի անկարողությունն ու անզորությունը, կամ դիտավորությունը, որպիսի դեպքերում էլ նա դիմում է այնպիսի քմահաճ հորինվածքների, որոնք պատիվ չեն բերում նախ և առաջ Հասան-Ջալալյան տոհմին ու նրա ժառանգներին:


Դա, որպես սուտ, հաստատում է ինքը` Ստեփան Ջալալյանը, ներկայացնելով մի տապանաքարի արձանագրություն, որը պատկանում է ոչ թե Երեմիայի որդի Սարգիսջան բեկին, այլ Ջալալ բեկի որդի Սարգիսջան բեկին (էջ 532):
Տեր Երեմիայի որդի Սարգիսջան բեկը Վանք գյուղում ուներ պապենական տուն, որը վերակառուցել էր անձամբ, որտեղ ապրում էր իր մեծ ընտանիքը` կինը, զավակները և հարազատները: Նրա հյուղարկավորությունը չէր կարող լինել առանց ընտանիքի անդամների կամ իր ընտանիքից, տոհմական հանգստարանից հեռու, այն դեպքում, երբ այլ վայրերում մահացած Հասան-Ջալալյաններից շատերին հասցնում էին Վանք գյուղ, թաղում տոհմական գերեզմանոցում, հենց Սարգիսջան բեկի հոգածությամբ:
Նկատի ունենանք, որ Վանք գյուղում միայն Սարգիսջան բեկի ժառանգներն են, որոնցից շատերը մնացել են գյուղում, հատկապես որդու` Իսաջան բեկի պարագայում: Սակայն, նրանց ժառանգների մասին ինքնակոչ Ստեփան Ջալալյանն անընդմեջ կրկնում է. «...Մեզ ոչինչ հայտնի չէ»:
Հարց` եթե ոչինչ հայտնի չէ, ի՞նչ գործ ունի այս տան, օջախի պատմության հետ, որտեղ անընդհատ խցկվում ու խայտառակում է նրանց:


Այդ տան թոռները, ծոռները, կոռները գիտեն, և դա կբավականացնի պատմությանը: Իսկ օտարները մուտք չպետք է ունենան այդ օջախ:
Անուն չունի ինքնակոչի դրսևորած վարքագիծը` բոլոր Հասան-Ջալալյան բեկերին դարձնելով իր պապի պապի հայր Ջալալի որդիները, իսկ տեր Երեմիայի որդիներին և Վանք գյուղի բոլոր նշանավոր բեկերին, նրանց կանանց ու աղջիկներին ոչ մի կարևորություն չտալով, դարձնել անարժեք ու աննշան: Մինչդեռ ոչ միայն տեր Երեմիան է ունեցել հարազատ և բարեկամ տոհմակիցներ, այլև մյուս Հասան-Ջալալյանները:
Նրանք բոլորը, ըստ նշված գրքի, կարծես Դրմբոն տեղափոխված տավարածների առաջնորդ Սիրականի ենթակայության տակ են, կարծես թե Սիրականն է բոլոր Հասան-Ջալալյանների իշխանը, ինչը միայն ծիծաղ կարող է հարուցել:


Առավել ծիծաղելի է, ավելին` զավեշտալի, երբ կարդում ենք. «Սիրական բեկի հետ խորհրդակցելու համար հաճախ էին նրա մոտ գալիս Վանքի բեկերը...» (էջ 558):
Խորին հարգանք ունենալով Սիրականի և նրա ժառանգների հանդեպ, այնուամենայնիվ, խոր ցավով եմ ընդունում, որ գրքի հեղինակ Ստեփան Ջալալյանը, անծանոթ լինելով ազնվական տոհմի ունեցած կահ-կարասիին, նիստ ու կացին, նրանց հագ ու կապին, կեցվածքին ու վարվեցողությանը, հասարակ ժողովրդի հանդեպ ունեցած հոգատարությանը, ըստ երևույթին իր հորինվածքներով որպես Հասան-Ջալալյան տոհմի ներկայացուցիչ բեկի` ներկայացնում է մի մարդու, որն ապրում էր գետնափոր տնակում, որն իր տուն եկած հյուրերին տանում էր ընկերոջ տուն` հաց տալու համար (էջ 558), որն իր հյուրերի հետ դեռևս հաց էր ուտում գետնին փռված կեղտոտ` «եղնիկի մորթու մազեր» շաղ տված կարպետի վրա (էջ 559), «ումից ժամանակին վախենում էր ողջ գյուղը» և «անունն անգամ լսելիս վախվորում էին» (էջ 562):
Իսկ այն, ինչ պատմում է ինքնակոչը դրմբոնցի Միրզա Առուշանյանի մասին (էջ 557)` առանց հաշվի առնելու այդ ընտանիքի և նրա ժառանգների պատիվն ու արժանապատվությունը, ուղղակի զազրելի է… Ինչպիսի՜ էժանագին միջոցներով է հեղինակը փորձում կայանալ ու ինքնահաստատվել:

Եթե գրքի հեղինակը ծանոթ լիներ Հասան-Ջալալյան տոհմի պատմությանը, իրական ժառանգներին և գաղափար ունենար ազնվականության մասին, միևնույն է, կգրեր նույնը, չէ՞ որ նրա գիտակցությամբ ազնվական լինելու չափանիշն ու արժանիքները նրա գծած սահմաններից դուրս գալ չեն կարող: Այս իրողությունը անվերջ ներկայացնում ու հաստատում է «հեղինակը»` իր պատկերացմամբ «արժանիքներ» վերագրելով նախապապ Սիրականին, որի մասին հորինվել են չափազանցված պատմություններ:
Հակառակ Սիրականի, Վանքի Հասան-Ջալալյան բեկերը հայտնի են իրենց կրթվածությամբ, վեհանձն պահվածքով, նոքարների հանդեպ ունեցած հոգատարությամբ ու հոգածությամբ, իրենց հեղինակությամբ:


Ես ապրել եմ հենց այն թաղամասում, որտեղ Աբրահամ բեկի տունն էր: ՈՒ միշտ հետաքրքրությամբ եմ ունկնդրել այն բոլոր պատմությունները, որ հիշում էին մեծերը: Աբրահամ բեկը չքավորներին միայն հոգատարություն և բարություն էր անում: Բայց թե ինչու է ձախողված «գրողը» Աբրահամ բեկին և մյուսներին դարձնելով Ջալալ բեկի որդին` ամբողջ տոմի ժառանգներին խառնել իրար, երևի «գիտե» միայն ինքը:
Ինքնակոչը խառնաշփոթ է սարքել ինչպես Հասան-Ջալալյանների բոլոր, այնպես էլ երկու Վահան բեկերի և մյուսների տներում` սխալ տեղեկություններ տալով նրանց և նրանց զավակների մասին: Իսկ մյուս Տիգրան բեկի, նրա որդի Ասատուր բեկի, նրանց ժառանգների, հարազատների մասին ընդհանրապես ոչինչ չի գրել: Ես այդ ամենը հրաշալի գիտեմ, որովհետև Ասատուր բեկի քույրը` Աննուշկան, իմ Ալեքսանդր պապի մայրն է, Սաթենիկ տատիս սկեսուրը:
Ես տեսել ու խոսել եմ երկու երևելի Վահան բեկերի հետ, որոնց տվյալները սխալ են ներկայացված: Անձամբ շփվել եմ Մաղավուզ տեղափոխված Վահան բեկի դստեր` Էսմայի հետ:


Իսկ մյուս Վահան բեկը աքսորից հետո և ընդհանրապես գյուղ գալով, առաջինն այցելում էր պապիկիս և տատիկիս` Ալեքսանդրին և Սաթենիկին, որտեղ և տեսնում էի նրանց: Նա իր դստեր` Ռոզայի հետ եղել է նաև մեր տանը, հորս` Հովհաննես Ասրյանի հրավերով: Բացի այն, որ ինքնակոչը այս Վահան բեկին սխալ ժամանակում և սխալ ընտանիքում է տեղադրում, նաև աղջկա անունն էլ է սխալ հայտնում: Անունը ոչ թե Ժենյա է, ինչպես գրում է ինքնակոչը, այլ` Ռոզա:
Իսկ Վահան բեկի տունն այսօրվա ամենալավ պահպանված տունն է, որտեղ արդեն ապրում է այլ ընտանիք:
Այս «մատյան գրագողությամբ» պարզ ու հստակ երևում են Ստեփան Ջալալյանի ջանքերը. ոչ թե գրել Հասան-Ջալալյան տոհմի մասին, այլ կիսատ-պռատ տեղեկությունները սազացնել-ծառայեցնել Սիրականի հայր Ջալալին Երեմիայի որդի Ջալալ բեկը դարձնելու, պապերի անվան կողքին «բեկ» բառը կցելու և այդ նշանավոր տոհմի անունից հանդես գալու համար:
Ծանոթ լինելով Րաֆֆու, Մակար Բարխուդարյանցի և Սարգիս Ջալալյանցի (և ոչ միայն) ուղեգրություններին, Արցախի բոլոր բնակավայրերի ուսումնասիրություններին, գիտենք, որ Դրմբոնի մասին ոչ մի բառ անգամ գրված չէ, և Դրմբոնն այդ ժամանակներում որպես գյուղ գոյություն չի ունեցել: Այդպես է նաև պաշտոնական փաստաթղթերում:
Ինքը` հեղինակը ևս, արտագրած նյութերը ներկայացնելով նշում է, որ «Դրմբոն» գյուղ գոյություն չի ունեցել դեռևս 1891 թվականի դրությամբ (էջ 547), սակայն, որպես «գիտական հայտնագործություն», որոշում է` «Դրմբոն գյուղն ունի ավելի քան 170 տարվա պատմություն» (էջ 549) և շարունակում է. «Մեր ենթադրության օգտին կարող է վկայել այն, որ Դրմբոն գյուղում ծերունիների հետ ունեցած մեր զրույցի ժամանակ նրանցից ոմանք հայտնել են, թե իրենց պապերից լսել են, որ Րաֆֆին եկել է Դրմբոն, հանդիպել գյուղի հիմնադիր տանուտեր Սիրական բեկ Հասան-Ջալալյանին և զրույց ունեցել նրա հետ: Ցավոք, Րաֆֆու 8-րդ գլխի տեքստը մեզ չի հասել»:


Այսինքն` չնայած Րաֆֆու ուղեգրությունների 8-րդ գլխի տեքստը Ստեփան Ջալալյանին չի հասել, որ կարդա, միևնույն է` եթե չկա այդ 8-րդ գլուխը, նշանակում է, հենց այդ գլխի մեջ պետք է գրված լիներ Դրմբոնի մասին, որը գիտե միայն ինքը` Ստեփան Ջալալյանը: Եվ նորից շարունակում է. «ՈՒշադրություն դարձնելով անոտացիային, որոնց մասին Րաֆֆին պետք է խոսեր դրան հաջորդող տեքստում, մասնավորապես` «...Գանձասարի վանքը և վանքի գյուղը:-Հասան-Ջալալյաններ:-...», կարելի է ենթադրել, որ նա, ըստ երևույթին խոսել է նաև Դրմբոնի Հասան-Ջալալյանների մասին» (էջ 547):
Թե նման զավեշտներն ինչպես են հանդուրժում պատմության գիտակ շրջանակները և պատմագիտության պատասխանատուները, կարծում եմ` պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Դա հետո: Իսկ այժմ հետևենք գրագողի ճամարտակություններին։ Դրմբոնցի ոչ տառաճանաչ անասնապահները, ըստ «հեղինակի» վարկածի, 1881 թ. իբր «ճանաչում էին» Րաֆֆուն, տեսել էին, որ նա եղել է Դրմբոնում, «զրուցել» Սիրականի հետ ու... այդ մասին պատմել իրենց սերունդներին, հասցրել մինչև մեր օրերը: Դե, հեղինակի համար առ ոչինչ է, որ Րաֆֆին երբևէ Դրմբոնում չի եղել և այդ մասին որևէ բառ անգամ չի գրել: Ավելին` թե պաշտոնական փաստաթղթերում, թե ուսումնասիրողների մոտ Դրմբոնը որպես գյուղ գոյություն չի էլ ունեցել (էջ 547):


Եվ այսպես, հեքիաթը շարունակվում է։ Պարզելու համար, թե չորս եղբայրներն ինչ հանգամանքներում են Վանքից տեղափոխվել և «հիմնադրել» Դրմբոն գյուղը, հեղինակը պատճառաբանում է. «...Երբ բազմանդամ ընտանիքի զավակներից մեկը, մասնավորապես ավագը, ամուսնանում էր, և առանձնանում հայրական օջախից, ծնողները նրան ապահովում էին ապրուստի նվազագույն պայմաններով, այսինքն` տալիս էին անշարժ և շարժական գույք, որը մեր օրերում կոչվում է օժիտ: Եթե ամուսնացողն արական սեռի ներկայացուցիչ էր, ապա ծնողներն անպայման պետք է լուծեին որդու և նրա նորաստեղծ ընտանիքի կացարանի հարցը» (էջ 545-546):
Եվ… գրագող Ստեփանը հայտնագործություն է անում։ Պարզվում է, որ հայր Ջալալն իր չորս որդիներին ամուսնացնելով, նրանց կացարանի հարցերը լուծել է… 1890 թվականին մի քանի տոհմերի ընտանիքների հետ Դրմբոն ուղարկելով (էջ 549):
Փորձենք ճշտել, թե քանի տարեկան էին նոր ամուսնացած և Դրմբոնը նվեր ստացած 4 որդի-«բեկերը»:
Սիրական` 76 տարեկան, ծնվ. 1814 թ. (էջ 560):
Բաղդասար` 4 տարեկան, ծնվ. 1886 թ. (էջ 549-550):
Գրիգոր` 9 տարեկան, ծնվ. 1881 թ. (էջ 551-552):
Նիկոլայ` կա միայն մահվան թվականը` 1918 (էջ 552):


Ի վերջո, ոչ մի բնակավայր չի գտնվի, որտեղ ռամիկ բնակիչները ապրելով 50-60 տարի, վար ու ցանք չանեն (էջ 548-549): Բայց, ըստ հեղինակի, Դրմբոնն այդպիսին է` պետք է ծնվեր, 76 տարեկան դառնար Ստեփանի պապի պապ Սիրականը, ծնողներն ամուսնացնեին ու որպես օժիտ տային այդ գյուղը, և բնակչության հիմնվելուց 50-60 տարի անց գար Դրմբոն, թույլ տար, որ սկսեին վար ու ցանք անել: Իսկ մինչ այդ, կարելի է պատկերացնել, որ օրվա հացը և սնունդը 50-60 տարի շարունակ գնում-բերում էին Վանք գյուղից` կտրելով տասնյակ կիլոմետրեր, թողնելով իրենց ընտանիքներն ու իրենց անասուններն անտեր:
Սկզբնական շրջանում, ինչպես և դատարաններում, Ստեփան Ջալալյանը միշտ փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր Վանք (Գանձասար) գյուղից է` նշելով միայն Մարտակերտի շրջանը: Այսինքն, չարաշահել է մարդկանց բարյացակամությունն այդ տոհմի, Գանձասարի նկատմամբ, քանի որ Հասան-Ջալալյաններ լսելով, տեղանքն ընկալվում է Գանձասարը: Եվ անտեղյակ մարդկանց մեջ վանքեցի լինելու տպավորություն էր գործում:
Չնայած «հեղինակը» գրում է, որ ինքը ծնվել է Դրմբոն գյուղում (էջ 565), հավանականությունը մեծ է, որ նա ծնվել է Վարդենիսում, չնայած ունի Դրմբոնի ծննդյան վկայական: Իսկ ծնողները հաստատապես Դրմբոնից են: Հաստատ է նաև այն, որ նա մեծացել, դպրոց է հաճախել Վարդենիս քաղաքում: Ծնողների հետ Վարդենիսից տեղափոխվել են Երևան, որպես ղարաբաղցի փախստականներ, և պետությունը նրանց բնակտարածք է հատկացրել:
Ստեփան Ջալալյանը Վանք գյուղում և Գանձասարում առաջին անգամ եղել է մոտավորապես 2007 թվականից հետո, ըստ իր ներկայացրած նախկին տվյալների, երբ արդեն 24 տարեկան էր:


Վերը նշված դատական վճիռների կայացման առիթով, 2007 թվականին հայտնի դարձավ, որ Ստեփանն իբր ձեռք է բերել և դատարան ներկայացրել Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ («Առավոտ» օրաթերթ, Ապրիլի 16, 2007 թ.), ըստ որի, իբր ինքը Հասան-Ջալալյան տոհմից է: Այդ մասին իմանալով, վաղամեռիկ հարգարժան ակադեմիկոսը խոր վիրավորանք ապրեց և դա համարեց զրպարտություն իր հանդեպ` հայտնելով, որ դա կարող է անել միայն անգրագետ ու պատմությունից չհասկացող, ինքն իրեն չհարգող մեկը: Նա ասաց, որ վատառողջ է, և խնդրեց, որ, երբ առողջությունը վերականգնվի, տեղեկանքի վրա դրված ստորագրությունն անպայման ես ներկայացնեմ ձեռագրաբանական փորձաքննության` հաստատելու համար, որ դա կեղծիք է:
Սակայն զարմանք է առաջացնում այն, որ այդ տեղեկանք-փաստաթուղթը, որի մասին «Առավոտին» հայտնել է հենց ինքը` Ստեփան Ջալալյանը, հետագայում չքվել, անհետացել է դատական փաստաթղթերի միջից: Մնում է միայն գուշակել, թե ինչպես է շփոթեցրել դատարանի աշխատողներին ու տվյալ կեղծ փաստաթուղթը հանել թղթապանակից:
Որ Դրմբոնը որպես արոտավայր է ծառայել Հասան-Ջալալյանների անասունների համար, և Հասան-Ջալալյանները հարաբերություն են ունեցել դրմբոնցիների հետ, նորություն չեն:
Որ Դրմբոնում կարող էր հաստատվել նաև Ջալալ անունով մի հարգարժան մարդ` իր ընտանիքով, անկասկած է:


Որ Ջալալը կարող էր ժամանակից շուտ մահանալ` 4 և 9 տարեկան երեխաներին թողնելով ավագ որդու (որդիների) խնամքին, դա ևս շատ հավանական է:
Որ Ջալալի որդիները վաղաժամ մահացած իրենց հոր անունով կարող են գրել իրենց ազգանունները, շատ պատվելի է: Բայց զարմանալի է, որ իր պապի պապ Սիրականին միայն ինքնակոչն է «բեկ» անվանում, կասկածելի դարձնելով նույնիսկ Սիրականի մահվան ակտի պատճենի վերաբերյալ գրառումը: Այնտեղ գրա՞ծ է` «Սիրական բեկ» կամ «Հասան-Ջալալյան», ինչպես «նկարագրում» է հեղինակը, այդ մասին գրքի մեջ ոչինչ նշված չէ:
Եվ եթե Դրմբոն տեղափոխված տավարածները (անասնապահներ) ընտանիքներով ապրել են 1840 թվականից, անհնար է, որ այդ բնակավայրը մինչև 1890 թվականը ձևավորված չլիներ, ու այդ բնակիչները չունենային կազմակերպիչ կամ ղեկավար, որի շուրջ կարող էին համախմբվել` անկախ գյուղ կամ օրինական բնակավայր ունենալու համար:
Եվ, համապատասխան Ստեփան Ջալալյանի նկարագրածի, եթե իր պապի պապ Սիրականն այնքան վախենալու է եղել, որ «անունն անգամ լսելիս վախվորում էին», ապա, անկասկած է, որ տեղի բնակիչները նրան և եղբայրներին «բեկ» են անվանել: Հաշվի առնելով ժամանակաշրջանը, այո, հավանականությունն ավելի է մեծանում, որ ժամանակի ընթացքում, հնարավոր է, չորս եղբայրներով (4 և 9 տարեկաններն էլ մեծանալով ու հաջորդելով մյուսներին) կոչվել են «բեկեր»:


Սակայն հարց է առաջանում. ինչպե՞ս եղավ, որ Դրմբոնի գերեզմանատանը կան տապանաքարեր, արձանագրությամբ` «Բաղդասար բէգին որ է որդի Ջալալին Հ-Ջալալեանց» (էջ 549-550), «Գրիգոր բեկ Ջալալյան»-ի (էջ 551-552), «Նիկալայ Բէգին, որ է որդի Ջալալին Հ-Ջալալյանցին», սակայն, չկա Դրմբոնի «հիմնադիր-տանուտեր» Սիրականի տապանաքարը կամ որևէ այլ վկայություն, որտեղ նրա անվան դիմաց գրված կամ արձանագրված լինի նույն «բեգը», կամ` «որդի Ջալալին», կամ` «Ջալալյանցը», կամ` Հ-Ջալալեանցը: Սիրականից մնացել է միայն «մեկ վնասված լուսանկար», ինչպես հեղինակն է ասում, որտեղ Բաքու գնացած ժամանակ, որդին հագուստ է առել ու հագցրել «բեկ» հորը, որպեսզի լուսանկարվի (էջ 560):


Պետք է նկատի ունենալ նաև, որ միայն այս տապանաքարերի վրա է, որ կա «վախվորած» մակագրություն` «Հ»: Այլ տեղ նման երևույթ չի հանդիպել, եթե Հասան-Ջալալյան է` առանց ազգանվան փոփոխության, այդպես էլ գրվել է:
Իսկ որպես «վկայություն» բերված այս մակագրությունների մեջ ուշադրության է արժանի շատ կարևոր մի հանգամանք. որևէ մեկ «որդու» տապանաքարի վրա հայր Ջալալը չի ճանաչված որպես «բեկ»:
Ստեփան Ջալալյանի այս գրքին ծանոթանալիս, հասկանալի և ընդունելի է դառնում, որ Դրմբոնի պատմությունը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, հատկապես Ջալալյանների գերդաստանի առնչությամբ:
Սակայն այսքանով չի վերջանում հեքիաթների ու հանելուկների շարանը:
Ինչպես վերը նշվեց, Բաղդասարը ծնվել է 1886 թ.: Քանի որ Դրմբոն է տեղափոխվել 1890 թ. (էջ 549), ապա եղել է 4 տարեկան: Նա մահացել է 1920 թվականին (էջ 549-550):
Եվ ի՞նչ է պարզվում.


-«Բեկի» կինը` Սոֆյան, ծնվել է 1875 թ.» (էջ 550) և Բաղդասարից մեծ է 11 տարով:
-«Բաղդասար բեկի որդի Սերգեյը ծնվել է 1882 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը, դեռ ծնված չէր, և հորից մեծ է 4 տարով,
-«Բաղդասար բեկի մյուս որդին` Լևոնը ծնվել է 1896 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը, 10 տարեկան էր,
-«Բաղդասար բեկի երրորդ որդին` Նիկոլայը ծնվել է 1907 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը, 21 տարեկան էր:
-«Բաղդասար բեկի չորրորդ որդին` Թալիշը ծնվել է 1894 թ.» (էջ 550), երբ հայրը` Բաղդասարը, 8 տարեկան էր,
Իսկ, ըստ ինքնակոչի, Սիրականի ծննդյան թիվը 1814-ն է: Պարզվում է, նրա .
-որդի Սարգիսը ծնվել է 1910 թվականին (էջ 568), երբ հայրը` Սիրականը, 96 տարեկան էր,
-որդի Միքայելը ծնվել է 1905 թվականին (էջ 560), երբ հայրը` Սիրականը 91 տարեկան էր,
-առաջին ամուսնությունից ծնվածների ծննդյան թվերը նշված չեն, իսկ
-որդի Միսակը ծնվել է 1888 թվականին (էջ 554), երբ հայրը` Սիրականը, 74 տարեկան էր,
Իսկ թե ինչպես էր Միսակը դարձել Ադրբեջանի Միրբաշիրի շրջանի ոստիկանապետը (էջ 554), երբ Ադրբեջանի խորհրդայնացումն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ուներ, իսկ Լեռնային Ղարաբաղում դեռ խորհրդային կարգեր hաստատված չէին և դեռ Ադրբեջանի կազմում չէր, մնում է անհասկանալի: Նա մահացել է 1921 թ. նոյեմբերին, Ստեփանակերտում, ինչը նույնպես անհասկանալի է ու չի համապատասխանում պատմական իրականությանը, քանի որ Ստեփանակերտը (նախկին Վարարակն) իր անունը ստացել է Միսակի մահից երկու տարի հետո միայն, 1923 թ.:


Ահա այսպիսին են Ստեփան Ջալալյանի «գիտական հայտնագործությունների» մեկնությունները, որոնք վերաբերում են 681-էջանոց գրքի 23 վերնագրերից միայն երկուսին («Հասան-Ջալալյանները XVII դարի վերջից մինչև մեր օրերը», «Հասան-Ջալալյանների Դրմբոնի ճյուղը»)` ընդամենը 49 էջ, այն էլ` ոչ ամբողջական:
Ահա այսպիսին են Ստեփան Ջալալյանի ազգանվան փոխման, «Հասան-Ջալալյան» ազգանունը ձեռք բերելու անօրինական գործողությունները, որոնք «ինչ-ինչ» պայմաններում իրականացվել են դատարանների վճիռների անտեսումով:
ՈՒշադրության է արժանի այն, որ նույնիսկ դատարաններին դիմած ժամանակաընթացքում Ստեփան Ջալալյանը դեռ չէր գիտակցել, թե ինչ ծագում ունեն Հասան-Ջալալյանները և, թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումների մեջ նշել է. «...Տոհմը Ղարաբաղի մելիքներից են...»: Եվ «խնդրել է հաստատել իրավաբանական փաստն այն մասին, որ Հասան-Ջալալյանները հանդիսանում են իր նախնիները» (2006 թ. օգոստոսի 3-ի վճռից):


Սակայն, քանի որ «Դատարանին ներկայացրած փաստաթղթերում «Բացակայում է Ստեփան Ջալալյանի` Ղարաբաղի (Հասան-Ջալալյան ազգանվամբ) մելիքների տոհմից լինելու հանգամանքը հաստատող փաստը», Աջափնյակ և Դավթաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը օրենքի համապատասխան, 2006 թ. օգոստոսի 3-ի վճռով մերժում է հայցը:
Ինքնակոչը նույնաբովանդակ դիմում է ներկայացնում նաև ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան և, քանի որ, ըստ ուսումնասիրությունների չի ապացուցվում, որ
«Հասան-Ջալալյանները հանդիսանում են նրա նախնիները», Վերաքննիչ դատարանը նույնպես մերժում է հայցը ( 2006 թ. նոյեմբերի 17-ի վճիռ):
Եվ, այսքանից հետո, խախտելով օրենքը, առանց հայտնելու, տեղյակ պահելու և չիրազեկելով ազգանվան փոփոխության վերաբերյալ դատարանների վճիռների մասին, դիմում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին ու «ինչ-ինչ» պայմաններում ձեռք բերում «Հասան-Ջալալյան» ազգանունը:
Անկասկած է, որ այս գիրքը պատիվ չի բերում ոչ միայն Հասան-Ջալալյան տոհմին, այլև Սիրականի ու նրա եղբայրների ժառանգներին:
Խոսքերն ավելորդ են հեղինակին և նրան աջակցողներին բնորոշելու համար:
Սակայն պատասխանը թողնենք դատա-իրավական մարմիններին, գիտնականներին ու այն անհատներին, որոնց համար պատմությունն ու պատմագիտությունն արժեք ունեն, և իրական փաստերի կեղծումն ու անտեսումը հանդուրժելի չեն:

Ժասմեն ԱՍՐՅԱՆ
(Սաթենիկ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ)
«Հասան-Ջալալյաններ»
տոհմական հիմնադրամի նախագահ,
Գանձասարի տեր Երեմիա Հասան-
Ջալալյանի թոռ Իսաջան բեկի ծոռնուհի

Լուսանկարներ

. .
  • Ներսես Հասան-Ջալալյանի տապանաքար-հուշարձանը
  • Հասան-Ջալալյանների տոհմական գերեզմանոցը. Գանձասարի վանքի հարավային մասում, պարսպից դուրս
Դիտվել է՝ 145944

Մեկնաբանություններ