Սեպտեմբերի 30-ին Ստեփանավանում գտնվող «Սոճուտ» դենդրոպարկում մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը` «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Մեկնարկը տվեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը:
«Խորհրդանշական է այս տարի 1931-ին ստեղծված հրաշագեղ այս դենդրոպարկից ազդարարել «Ժառանգության» օրերի սկիզբը: Այս օրերին հանրության առջև իրենց դռները կբացեն Ազգային ժողովի, Կառավարության, Օպերային թատրոնի շենքերը, Կոնյակի գործարանը... Շենքեր, որոնք առօրյա կյանքում մեզ հասանելի չեն, բայց մեր ժառանգության կարևորագույն բաղկացուցիչ մասն են: Մեր ժառանգած բնությունը հենց այն միջավայրը ստեղծողն է, որը մենք անվանում ենք հայրենիք: Կարևոր առիթ է՝ ևս մեկ անգամ արժևորելու այն, ինչ ունենք»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նկատեց մշակույթի նախարարը:
Պյոտր Սվիտալսկին էլ ընդգծեց, որ Հայաստանն այն 50 երկրների խմբում է, որոնք մասնակցում են Եվրոպական ժառանգության օրերի տոնակատարությանը:
«Շնորհակալ եմ մշակույթի նախարարությանը և անձնապես նախարարին՝ այս գեղեցիկ ավանդույթին Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար: Եվրոպական միության համար սա պատեհ առիթ էր՝ ցույց տալու, թե որքան հարուստ է Հայաստանի ներդրումը եվրոպական համընդհանուր ժառանգության մեջ: Առանց Հայաստանի կողմից այս էական մասնակցության՝ եվրոպական մշակույթն իրապես ավելի աղքատ կլիներ: Ճարտարապետության ոլորտի եվրոպացի ուսանողներն իրենց ուսումնական պարտադիր ծրագրի շրջանակում պարտավոր են սովորել Զվարթնոցի տաճարի ճարտարապետությունը, Կոնսերվատորիայի սաները՝ Կոմիտասի ստեղծագործությունները»,- նշեց դեսպանն ու ներկայացրեց նաև «Սոճուտ» դենդրոպարկի ստեղծման պատմությունը:
Անդրադառնալով խոսակցություններին, որ այս տարածքում հնարավոր է հյուրանոց կամ ռեստորան բացվի՝ բնապահպանության փոխնախարարը դրանք լոկ խոսակցություններ անվանեց, կառավարությանը կամ նախարարությանը նման առաջարկ չի եղել ու թեման չի քննարկվել: Ըստ փոխնախարարի՝ որոշ խնդիրներ կան տարածքի պահպանության առումով, եղած միջոցները բավարար չեն:
«Բացի պետբյուջեից հատկացվող գումարից՝ մուտքն ենք վճարովի դարձրել, որից փոքրիկ արտաբյուջե կձևավորվի: Խոսրովի արգելոցի ցավալի դեպքից հետո մենք լայնորեն սկսել ենք համագործակցել դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ, կոմպլեքս լուծում ենք տալու անտառային հրդեհների կանխարգելիչ միջոցների համար՝ արագ ազդարարման համակարգեր, հատուկ տրանսպորտային տեխնիկա և այլն… Հուսամ, մինչև 2018-ի հրդեհավտանգ սեզոնի սկիզբը այս բոլոր հարցերը լուծված կլինեն՚,- նշեց փոխնախարարը:
Պատվիրակությունն ու լրագրողները շրջայց կատարեցինք «Սոճուտ»-ում, որտեղից էլ ուղևորվեցին «Լոռի բերդ»՝ ծանոթանալու այնտեղի խնդիրներին: Հայաստանի ամենաերկար ու խոր կիրճում նախարարին ու դեսպանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, երգ ու պարով:
Եվրոպական ժառանգության շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում, պատմամշակութային հուշարձանների տարածքներում ծառատունկեր են իրականացվել: