Կատալոնիայում արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեից հետո, որն ուղեկցվել է ոստիկանության հետ քվեարկության մասնակիցների զանգվածային բախումներով, հայտնում է BBC-ին: Բողոքավորները արգելափակել են Կատալոնիայի հիմնական ճանապարհները, դա հանգեցրել է ավտոմոբիլային խցանումների:
Բարսելոնի խոշորագույն մեծածախ պարենային շուկան՝ «Մերկաբառնա»-ն, երեքշաբթի դատարկվել է. այնտեղ աշխատող 770 ընկերություն դադարեցրել է աշխատանքը: Արհմիությունները հայտնել են, որ աշխատանքը դադարեցրել է Բարսելոնի ծովային նավահանգիստը: Քաղաքային օդանավակայանն առայժմ գործում է սովորական ռեժիմով: Նաև աշխատում են տաքսիները: Գործադուլի որոշումն ընդունվել է հանրաքվեի անցկացման ընթացքում իրավունքների և ազատությունների աղաղակող ոտնահարման կապակցությամբ:
Բարսելոնի Համալսարանական հրապարակում հավաքվել են հազարավոր կատալոնացիներ, որոնք բողոքում են ինքնավարության բնակիչների կամարտահայտումը ճնշելու Մադրիդի գործողությունների դեմ:
Սպասվում է, որ համընդհանուր գործադուլի ժամանակ Կատալոնիայում չի աշխատի հասարակական տրանսպորտը, դպրոցները և հիվանդանոցները կփակվեն: