«Ելք» խմբակցությունում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի շուրջ կոնսենսուս չկա, ԱԺ-ում ԵԱՏՄ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ այնպիսի տպավորություն է, որ «Ելք» խմբակցությունում մի մասը շատ հստակ ասում է, որ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, իսկ մյուս մասը դեմ է դրան:
«Եվ որպեսզի այդ հակասությունը դուրս չգա խմբակցությունից, դեմ լինողներն ասում են՝ տղերք, եկեք ստեղծենք հանձնաժողով, մի հատ ուսումնասիրենք՝ արժե, թե չարժե: Հիմա ես ձեզ եմ դիմում՝ կողմնորոշվեք, արժե, թե չարժե: Մեր քաղաքական թիմի դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա, մենք պետք է մեր համագործակցությունը շարունակենք ԵԱՏՄ-ի, ինչպես նաև Եվրամիության ու այլ երկրների հետ», նշեց նա: Բաղդասարյանն ասաց, որ ուզում է մեջբերել տնտեսական պաշտոնական ցուցանիշները: «2016-ի դրությամբ իրական ՀՆԱ-ն 2014-ի նկատմամբ գրանցել է 3,4 տոկոս աճ: Նույն ժամանակահատվածում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 8,7 տոկոս: 2017 -ի հունվար-հունիսին, 2014 թվականի հունվար-հունիսի համեմատ իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 14,1 տոկոս: Սակայն վերցնենք ձեր կողմից առաջադրված մեթոդաբանությունը և համեմատենք 2014-2016 թվականների դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի ցուցանիշները: Իսկապես, համաձայն ԱՄՀ տվյալների՝ դոլարային ատահայտությամբ ՀՆԱ-ն նվազել է 9 տոկոսով: Համեմատենք այս ցուցանիշնները համադրելի երկրների հետ: Վրաստանում նույն ցուցանիշը տվյալ ժամանակահատվածում նվազել է 14 տոկոսով, Մոլդովայում՝ 16, ՈՒկրաինայում՝ 22 տոկոսով: Խնդիրը կայանում նրանում, որ ԱՄՆ դոլարն արժևորվել է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա ասաց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալների զգալի աճ է գրանցվել, մեծ աշխատանք է տարվել հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ: ԵԱՏՄ-ին անդամակցությունը, նրա խոսքով, չի խոչընդոտել նաև ապրանքների արտահանմանը դեպի ԵՄ և այլ երկրներ: Այդ ուղղություններով ևս աճ է եղել:
«2013 թվականին մենք արտահանել ենք 64 հազար տոննա գյուղմթերք, 2016-ին՝ 146 հազար տոննա: Դա կրկնակիից ավելի է, դրա 90 տոկոսն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ: Եվ այստեղ միայն ծիրանը օրինակ բերելով՝ պետք է նկատի ունենաք նաև եղանակային անբարենպաստ պայմանները», նշեց նա: