Այն, ինչ առաջարկում է «Ելք» խմբակցությունը, ենթադրում է, որ Հայաստանը պետք է կատարի ռազմավարական շրջադարձ, այսօր խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ Հայաստանի կարևոր հարցն այսօր անվտանգությունն է, որն ունի բոլոր բաղադրիչները՝ տնտեսական, քաղաքական և այլն: «Չի ասվում, եթե մենք կտրենք մեր հարաբերությունները, տնտեսությունն ինչ վիճակում կհայտնվի: Նման վերլուծություն չկա այստեղ: Բացարձակ բացակայում է ռազմական բաղադրիչը, որ ռազմատեխնիկական աջակցության հաշվեկշիռը ներկայացվի, որ Հայաստանն այս տարածքից ստացել է այսքան, այն տարածքից գրեթե զրո է: Եվ եթե մենք խզենք, ինչպես ենք լցնելու Եվրամիության հետ այդ սյունակը: Այսինքն՝ անվտանգության մասով որևէ հիմնավորում գոյություն չունի»,- ասաց Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն երկու առումով դեմ է այս նախագծին և մերժելու է այն: Մեկը անվտանգությունն է: Մյուսն այն է, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ժամանակահատվածը շատ վատ է ընտրված: Հայաստանը նոյեմբերին Եվրամիության հետ համաձայնագիր է ստարագրելու և, ըստ Ռուստամյանի, նախագծով արհեստականորեն սրվում է կամ-կամ-ի հարցը:
Եթե իշխանությունները, ըստ նրա, ընդառաջեն հանձնաժողով ստեղծելու հարցին, նշանակում է, որ իշխանություններն օրակարգ են բերում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: «Սրանով ի՞նչ ենք ուզում անել: ԱԺ-ում այս հարցի վերաբերյալ կոնսենսուս մինուս մեկ վիճակ է, որովհետև, բացի «Ելքից», մյուսներն այս ճանապարհն ընդունում են»,- ասաց նա: