Նոյեմբերի 1-ին Իրաքյան Քրդստանում նախագահական ընտրություններ են, սակայն ոչ մի թեկնածու դեռ չի գրանցվել, հայտնում է rudaw.net-ը:
Ընդդիմադիր Գորան կուսակցության թեկնածու Թոֆիկ Ռահիմը փաստաթղթերն ուշացումով ներկայացրել է, և ընտրական հանձնաժողովը քննարկում է նրա թեկնածությունը հաստատելու հարցը: Քրդստանի նախագահական օրենքի համաձայն՝ թեկնածուները պետք է գրանցվեն ընտրություններից առնվազն 30 օր առաջ: Եթե թեկնածուներ չեն գրանցվում, նախագահական ընտրություններ չեն անցկացվում: 2005-ից Քրդստանը ղեկավարում է Մասուդ Բարզանին: Նրա նախագահության ժամկետը լրացել է 2015-ին: Բարզանին ավելի վաղ նշել էր, որ այլևս չի առաջադրվելու Իրաքյան Քրդստանի նախագահի պաշտոնում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել էր Մասուդ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ. «Բարզանին իր պաշտոնին մնալու համար տարածաշրջանի և քրդերի ապագան վտանգի տակ է առնում: Մեր գործընկերը Բաղդադն է, մենք հաշվի կառնենք նրանցից եկող պահանջները: Դեռ ուշ չէ, պետք է հետ դառնան սխալից»: