Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի և Իրանի նախագահները անդրադարձել են Քրդստանի խնդրին

Թուրքիայի և Իրանի նախագահները անդրադարձել են Քրդստանի խնդրին
05.10.2017 | 01:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան: Թեհրանի օդանավակայանում Էրդողանին և նրան ուղեկցող նախարարներին դիմավորել է Իրանի արդյունաբերության նախարարը: «Սադաբադ» պալատում Թուրքիայի նախագահին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Երկու երկրների նախագահների մասնակցությամբ Թուրքիա-Իրան բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստից հետո Էրդողանն ու Ռոհանին առանձնազրույց են ունեցել, որից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով: Բանակցությունների հիմնական թեման անցած շաբաթ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում կայացած անկախության հանրաքվեն էր, որին դեմ են թե Անկարան, թե Թեհրանը:

Սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքով քվեարկության մասնակիցների 95 տոկոսը ձայն էր տվել հօգուտ Հյուսիսային Քրդստանի անկախության: Թուրքիայի նախագահն այսօր իր իրանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում քննադատելով Իրաքի քրդերի՝ անկախանալու որոշումը, հայտարարել է. «Հյուսիսային Իրաքի ղեկավարությունն ինչի՞ հանրաքվեն է անցկացրել: Իսրայելից բացի ուրիշ ոչ մի երկիր իրենց չի ճանաչում: «Մոսադի» հետ քննարկված և ընդունված որոշումն անօրինական է: Այս հարցում Իրանի և Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Իրաքում մենք գործ ունենք միայն կենտրոնական ղեկավարության հետ, և հանրաքվեի արդյունքներն էլ միանգամայն անօրինական ենք համարում»:
Անդրադառնալով միջազգային օրակարգի մեկ այլ հարցի՝ սիրիական ճգնաժամին, Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել է, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը եռակողմ ձևաչափով աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ՝ Աստանայի բանակցությունների շրջանակում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ամփոփելով Էրդողանի հետ հանդիպումը, նշել է՝ իրենց հիմնական նպատակը տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումն է: «Հյուսիսային Իրաքի հարցում Իրանը, Թուրքիան և Իրաքը համագործակցում են: Որոշ օտար երկրներ ծրագրում են թեժացնել այս շրջանում էթնիկական և կրոնական անհանդուրժողականությունը: Թուրքիան և Իրանը մերժում են դա, մենք պաշտպանում ենք Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ռոհանին և ընդգծել՝ իրենք չեն ուզում ճնշում գործադրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հարևան և եղբայր ժողովրդի վրա, բայց որոշ ղեկավարներ ստիպված են հատուցել իրենց սխալ որոշումների համար:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ