Համաձայնագրի ամենաանհաշտ ընդդիմախոսները «Ելք» խմբակցության պատգամավորներն էին: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վերածեց տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի»․ «Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արձանագրում է, որ ինքը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը: Տանուլ է տվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ և միջամտությամբ: Ընդհանրապես մենք տանուլ ենք տվել մեր անվտանգության փիլիսոփայությունը»:
Կողմերի անվտանգությունն ապահովելու համար ստեղծվող միացյալ խմբավորումը, ինչպես հայտարարեցին պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, արդեն 15 տարի գործում է Հայաստանում։ «Գոյություն ունի իրավական հիմք, պայմանագրեր, այդ թվում նաև՝ ոչ հրապարակման ենթակա: Սա միջազգային պրակտիկայում գաղտնիք չի: Հիմա մենք քննարկում ենք արդեն պայմանագիր, որը ստեղծում է իրավապայմանագրային բազա»,- ասաց Արտակ Զաքարյանը: Համաձայնագրում նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը», անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից։
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նահապետյանն ընդգծեց, որ Հայաստանի պաշտպանական համակարգը ի վիճակի է լուծելու իր խնդիրները։ Միաժամանակ պարզաբանեց, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանը կօգտվի ռուսական զինուժի այն զինատեսակներից, որոնք կարող են կիրառվել համատեղ նշանակության խնդիրներ լուծելու դեպքում․ «Երկկողմ համաձայնագրի շրջանակներում մենք ավելացնելու ենք մեր հնարավորությունները: ՈՒզում եմ հատուկ շեշտել, որ այս համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր է, այն բազմակողմ չէ, և առանձին գործընկերներ խոսում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, որը միջազգային կազմակերպություն է, և Հայաստանը, ի թիվս 5 այլ պետությունների, անդամակցում է այս կազմակերպությանը: Այս համաձայնագրի շրջանակում մենք բազմակողմ խնդիրներ չենք քննարկում: Խոսքը վերաբերում է երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությանը միացյալ խմբավորման կազմավորման և գործունեության մասին»:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, թե «միացյալ խմբավորումը կկիրառվի պետական սահմանի նկատմամբ ագրեսիայի պայմաններում»՝ ընդգծելով․ «Խոսքը, իհարկե, քաղաքական ակցիաներին չի վերաբերում, և տվյալ երկրի ներքաղաքական և հանրային կյանքին չի վերաբերում: Քանի որ այսօր Մերձավոր Արևելքը ցույց է տալիս, թե ներքին ինչպիսի վտանգներ կարող են ծագել այս կամ այն պետության մեջ, բնականաբար, նաև համաձայնագրով նախատեսվում է ներքին ծագում ունեցող ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ՝ եթե, իհարկե, կողմերը գալիս են ընդհանուր համաձայնության այս հարցում»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այս համաձայնագիրը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից և դոկտրինից․«Այս զորախումբը գործում է դեֆակտո: Դրա մասին նաև անցյալ տարի հանրապետության նախագահն է հայտարարել Կիսելյովի հարցազրույցի ժամանակ, և սա որևէ գաղտնիք չի: Պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասնաբար պայքարեն անվտանգության սպառնալիքների համար: Հայաստանի Հանրապետությունը միայնակ ամբողջությամբ չի կարող իրականացնել իր պաշտպանությունը»:
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչներին բուռն արձագանքեցին «Ելքի» պատգամավորները։ Արամ Սարգսյանը հարցրեց, թե ո՞րն է այս միացյալ խմբավորման անհրաժեշտությունը. «Մեր էներգետիկ համակարգը ամբողջությամբ Ռուսաստանի տրամադրության տակ է, մեր տնտեսական համակարգը «Գույք` պարտքի դիմացով» վաղուց տրված-անցած է, ռազմական համակարգում համաձայնություն ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, օդն ենք տրամադրել, կապն ենք տրամադրել: Ադրբեջանն էլ ՀԱՊԿ-ի հետ պայմանագիր չունի... Հիմա սրա անհրաժեշտությունը ո՞րն է»:
Գևորգ Գորգիսյանին մտահոգում է համաձայնագրում նշված «ներքին սպառնալիք» եզրույթը։ «Ինչպես է որոշվելու, թե որն է ներքին սպառնալիքը»,- հարցրեց պատգամավորը՝ հիշեցնելով 2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերը․«Դեռ շարունակում են լրջագույնս մտահոգել «ներքին ռազմական իրավիճակ» եզրույթը, «ներքին սպառնալիք» եզրույթը, որովհետև այդ պարագայում միգուցե դուք չունեք որևէ պլան, ինչպես ասում եք՝ չգիտեք, թե հրացանը երբ և ում վրա կկրակի, բայց ես այստեղ տեսնում եմ ծուղակ, և միգուցե պայմանագրի մյուս կողմն ունի՞ այդ պլանը, այդ սցենարը, թե երբ և ում վրա պետք է կրակի այս հրացանը՚։
Ի պատասխան Կորյուն Նահապետյանը մանրամասնեց, որ ցանկացած իրավիճակի դեպքում որևէ գործողությունից առաջ կողմերը համաձայնության են գալու։
Արտակ Զեյնալյանը սկանդալ որակեց փաստը, որ հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորումը դեռ անցած տարիներին է ստեղծվել․ «Այսինքն, նորմատիվ իրավական ակտ է ընդունվել «գաղտնի» գրիֆով, և Հայաստանում գործել է իրավունքներ, պարտականություններ, իրավական հետևանքներ, պատասխանատվություն ենթադրող իրավական ակտ, և դա պահվել է գաղտնի՞, գաղտնի՞ է ստորագրվել»:
Չնայած այսօրվա քննարկումներին՝ «Ելքի» պատգամավորների կարծիքով, իշխող քաղաքական ուժն այդպես էլ չհստակեցրեց, թե ղարաբաղյան հակամարտության և ներքին հակասությունների հարցերում ինչ դեր է ունենալու ռուս-հայկական զինուժերի միացյալ խմբավորումը։ Համաձայնագիրը քվեարկության կդրվի վաղը։