ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը կոնսենսուսով վճռել է, որ 2016-ին Ռուսաստանը միջամտել է նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ` Դոնալդ Թրամփի և Մոսկվայի միջև դավադիր համաձայնության վարկածի կարծիք չկա: Հանձնաժողովի նախագահ, Հյուսիսային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատոր Ռիչարդ Բարը ասել է, որ այդ հարցով քննությունը շարունակվում է: Նրա փոխանցմամբ, հանձնաժողովն անցկացրել է 100 հարցաքննություն՝ այդ թվում ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմերի աշխատակիցների հետ, ստացել է ավելի քան 100 հազար տարբեր փաստաթղթեր, դեռ պետք է հարցաքննի գործով անցնող ավելի քան 25 քաղաքացիների: Նա հուսով է, որ հետաքննությունը կավարտվի այս տարի:
Հանձնաժողովի փոխնախագահ, Վիրջինիայից ընտրված դեմոկրատ սենատոր Մարք ՈՒորների փոխանցմամբ, «կա կոնսենսուս, որ ռուսները հաքերային եղանակով կոտրել են ամերիկյան քաղաքական կայքերը և տարածել տեղեկություններ, որոնք պետք է շեղեին ընտրությունների ընթացքը»: Բարի պնդմամբ, «թեպետ ռուսները միջամտել են ընտրություններին, վստահ կարելի է փաստել, որ դա չի ազդել քվեարկության արդյունքի վրա»: