Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Իրաքյան Քրդստանի վեճում պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ: Մակրոնը և Աբադին քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԻՊ-ի դեմ պայքարը և Իրաքի տնտեսությունը վերականգնելու հնարավորությունը: Իրաքը հյուսիսում գտնվող քրդական երկրամասից պահանջում է չեղյալ հայտարարել սեպտեմբերի 25-ի հանրաքվեն, որի արդյունքով՝ քվեարկության մասնակիցների 92,7 տոկոսը ձայնը տվել է հօգուտ անկախության: Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և մտահոգություն է հայտնել քրդական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Նա կարևորել է «ազգային համերաշխության և ընդգրկուն կառավարման սկզբունքները, որոնք ենթադրում են նաև քրդերի մասնակցությունը», և ասել է, որ «Ֆրանսիան սերտ կապեր ունի քրդերի հետ»: Մակրոնի խոսքերով, «միայն երկկխոսությունն է կարգավորման ուղին, և Ֆրանսիան պատրաստ է ակտիվ միջնորդությամբ նպաստել դրան»: