Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հարցումների մասնակիցների միայն 34,33 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից երկիր, հարցվածների 30 տոկոսի կարծիքով էլ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը` ասել է կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Հարցումներն իրականացվել են Հայաստանի 6 քաղաքներում ու մի քանի գյուղերում։ «Այն վերջին ժամանակվա փոփոխությունները, որոնք կատարվեցին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմը, Ռուսաստանի պահվածքը, Ռուսաստանի զենք ծախելն Ադրբեջանին ու հիմա Թուրքիային, պարզ է, որ չէին կարող մեր հասարակության տրամադրությունների վրա չազդել»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հարցումներն անցկացրել են 900 անձանց շրջանում՝ անանուն։ «Կայունությունն այդ արդյունքի գիտե՞ք ինչն էր` 600 անկետա մենք որ ուսումնասիրեցինք, 600-ից հետո մինչև 900-ի հասնելը բան չէր փոխվում, Վայքից էր գալիս, Եղեգնաձորից, Սպիտակից, թե Գյումրուց` ընդհանուր պատկերը չէր փոխվում»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ իր համար սպասելի էր հատկապես, որ միայն 34,33 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից երկիր։ «Ռուսաստանը պատերազմի ժամանակ չկատարեց իր ֆունկցիան, իր պարտականությունը»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Բոլոր 15 հարցախույզ անցկացնողները ասում էին՝ շատ դժվար էր այն անցկացնելը՝ Ռուսաստանին վերաբերող հարցերի ժամանակ հնչում էին շատ քննադատական խոսքեր, ես մեղմ եմ հիմա ասում։ Մարդիկ ասում էին՝ «մեր այն 100-120 զոհը հենց իրենց պատճառով է, հենց իրենց «Գրադ»-ից մեր երեխեքին սպանում էին»։ Սրանք փոխում են տրամադրությունները»։ Ստեփան Գրիգորյանը նշեց՝ Հայաստանի հանրությունը քննադատական է տրամադրված Ռուսաստանի հանդեպ։