ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մինչև ապրիլ իշխանությունը կարող է ամբողջ կազմով հեռանալ։ «Ապրիլին նրանց պաշտոնավարման ժամկետը լրանում է, կարող են ամբողջ կազմով հեռանալ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե «Ելքը», եթե դժգոհ է կառավարության գործունեությունից, թող պահանջի կառավարության հրաժարականը, Մարուքյանն ասաց. «Աշոտյանի պատվերով չէ, որ ընդդիմությունը պահանջի որևէ վարչապետի հրաժարական։ Աշոտյանը խառնել է ընդդիմություններին։ Եթե մի օր եղել է էդպիսի ընդդիմություն, հաստատ «Ելք» դաշինքը չի»։
Մարուքյանի խոսքով՝ եթե ՀՀԿ-ն նպատակ ունի ազատվելու Կարեն Կարապետյանից, դա չի ստացվի անել «Ելք» դաշինքի միջոցով։ «Չի ստացվի։ Դուք՝ ձեր Կարեն Կարապետյանը, ձեր բերած մարդը, որով խաբել եք ժողովրդին. տասը հազար դրամներով խաբել եք ժողովրդին, հիմա էլ ասում եք՝ մավրն իր գործն արել է, մավրը պետք է հեռանա։ Ա՛յ քեզ բան»,- հավելեց Մարուքյանը։