ՀՀԿ խմբակցությունում հանդիպել են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Պառլամենտի դահլիճում, պառլամենտի դահլիճից դուրս պատգամավորների կողմից բռունցքներով խնդիր լուծելու ցանկացած ոչ կոռեկտ արարք ես չեմ ընդունում»,- հայտարարեց Է. Շարմազանովը։
Հարցին, թե ԱԺ միջանցքում Փաշինյանի ու Գեղամյանի միջև տեղի ունեցածը այդ դե՞պքն էր, Շարմազանովը պատասխանեց. «Ես արդեն ասացի։ Եթե դուք գտնում եք, որ նման դեպք էթիկայի կանոնների մեջ տեղավորվում է, ուրեմն այդ դեպքը չէր»։
Նա, որպես ԱԺ փոխնախագահ, շահագրգռված է, որ նման դեպքեր խորհրդարանում չկրկնվեն։ Հարցին, թե ի՞նչ են խոսել Փաշինյանի և Գեղամյանի հետ, Շարմազանովը չպատասխանեց՝ ասելով, որ իրենք գործընկերներով կարող են շատ բան խոսել, բայց դա հրապարակելու կարիք չկա։ «Ես, որպես կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ, շատ պարզ, հանրամատչելի ասում եմ՝ պառլամենտում պառլամենտականների կողմից, պառլամենտի դահլիճում և դահլիճից դուրս լրագրողների, քաղաքացիների նկատմամբ ոչ էթիկայի սահմաններում, ոչ կոռեկտ պահվածք, բռունցքներով հարցերը լուծելն ու անձնական վիրավորանքներ հնչեցնելը ինձ համար անթույլատրելի են՝ անկախ նրանից, թե հեղինակը ինչ կուսակցության ներկայացուցիչ է»,- ընդգծեց նա: