Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզորոշ ակնարկել է, որ պատրաստ է խզել Եվրոպայի Խորհրդի հետ կապերը: ԵՄ Խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիևը հավատացրել է, որ Եվրոպայի Խորհրդի հետ կապված հասարակական կարծիքը այդքան էլ դրական չէ: «Առաջին հերթին, երբ մենք մտանք այդ կազմակերպություն, սպասում էինք, որ մեզ աջակցություն կցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Բայց Եվրոպայի խորհուրդը հաջողության չհասավ այդ հարցում, այդ գործը չստացվեց և չի էլ ստացվի: Երկրորդ հերթին, մեր անդամակցության սկզբնական շրջանում ես մեր պատվիրակության առաջին ղեկավարն էի: Այդ ժամանակ ես Ադրբեջանի խորհրդարանի անդամ էի և 2001-2003 թթ. ղեկավարում էի Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում: Այսինքն՝ ինձ հայտնի է, թե դա ինչ կազմակերպություն է և ինչպես են այնտեղ վերաբերվում Ադրբեջանին: Վերաբերմունքը չափազանց բացասական էր: Մենք Հայաստանի հետ այդ կազմակերպություն ենք մտել նույն օրը և համեմատել ենք չափազանց բացասական վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ և դրական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ»,- արձանագրել է Ալիևը:
Խոսելով Եվրոպայի խորհրդի կողմից քննադատության մասին՝ Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանի համար առաջնահերթություն չէ Եվրոպայի խորհուրդը. «Եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի Խորհուրդը, ոչ ոք դրան նշանակություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի՝ մենք չենք սկսի ապրել ոչ լավ, ոչ վատ, ոչ հարուստ, ոչ աղքատ»:
ԵԽԽՎ-ում դիտարկվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, ընդհուպ՝ Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդից հեռացնելը ՄԻԵԴ քաղբանտարկյալների մասին որոշումների չկատարման համար: Չնայած Ալիևի հավաստիացումներին՝ դանդաղել են ԵՄ-ի հետ Ադրբեջանի բանակցությունները: