Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ Խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ 28 երկրներից դեսպաններ և կոմիտեի ներկայացուցիչներ:
Այցի նպատակն է քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները՝ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի լույսի ներքո, տեղում ծանոթանալ իրավիճակին, անդրադառնալ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական և անվտանգության խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և կարևորել նման ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները, որոնք լավ հնարավորություն են անմիջականորեն քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
ԵՄ Խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին և ուրախ է, որ Հայաստանը նախաստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը ցույց է տալիս, որ միանգամայն հնարավոր է ԵՄ-ի հետ կնքել համաձայնագիր և զարգացնել փոխգործակցություն՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Նա շեշտել է, որ ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քաղաքականությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Վալտեր Սթիվենսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին: Կոմիտեի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ն հետաքրքրված է և աջակցում է Հայաստանում բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումների շարունակականությանը, կարևորում է սահմանադրական բարեփոխումների արդյունքում առավել արդյունավետ կառավարման իրականացումը, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Վալտեր Սթիվենսը հանդիպման ժամանակ նաև երախտագիտություն է հայտնել սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստանում 20 հազարից ավելի սիրիացի փախստականների ապաստան տալու համար: