Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչության որոշմամբ՝ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում կալանավորվել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը: Նա մեղադրվում է «քաղաքական կամ ռազմական լրտեսության», «սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու» մեջ: Դատախազությունը պնդում է, որ ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը կապ ունի նախկին դատախազ Զեքերիա Օզի հետ, որ սերտ առնչություններ ունի վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, ոստիկանությունում նախնական հարցաքննությունից հետո Թոփուզն ուղարկվել է Ստամբուլի արդարադատության պալատ, որտեղ դատախազը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունը հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել՝ ամբողջովին հերքելով Թոփուզին ներկայացված մեղադրանքներն ու «միանգամայն անտեղի» որակելով: ԱՄՆ դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ ասվում է, թե տպավորություն կա, որ թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության արտահոսքը նպատակ ունի իրենց աշխատակցին հրապարակային դատի հանձնել՝ իրավական դատական գործընթաց նախաձեռնելու փոխարեն: «Մեր աշխատակիցների դեմ ուղղված անհիմն և անհեղինակ մեղադրանքները վտանգում և արժեզրկում են ԱՄՆ-ի և Թուրքիայի երկարամյա գործընկերությունը»` նշված է դեսպանատան հայտարարության մեջ: