«Իրաքյան Քրդստանը կարող է նոր Իսրայել դառնալ»,- Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: «Այաթոլա Խամենեին նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Քրդստանում կայացած հանրաքվեն նախ և առաջ բխում է Ամերիկայի և Իսրայելի շահերից: Այդ ուժերը ցանկանում են մեր տարածաշրջանում նոր Իսրայել ստեղծել: Քրդերի` Իրաքից անջատվելու մասին հանրաքվեն դավաճանական գործողություն էր ողջ տարածաշրջանի հանդեպ»,- Ալի Խամենեիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստատեսությունը:
Քրդերի հասցեին բավական կոշտ արտահայտություններ էին հնչում նաև Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր երկու պետությունները չեն հանդուրժի արտերկրի դավադիր ուժերի կողմից տարածաշրջանում էթնիկ և կրոնական լարվածության սաստկացմանն ուղղված գործողությունները: Իրանը և Թուրքիան որևէ պարագայում չեն հանդուրժի նաև մեր տարածաշրջանի մասնատումը: Մեր երկու պետություններն էլ վստահ են` Իրաքը ինքնիշխան և միասնական պետություն է, Սիրիան` նույնպես: Որևէ պարագայում մենք թույլ չենք տա աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն»,- հայտարարում էր Իրանի նախագահը: Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանի պետությունները չեն պատրաստվում հաշտվել սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի արդյունքների հետ: «Միանշանակ է, որ այս հանրաքվեն մեզ համար որևէ օրինական ուժ չունի: Դուք արդեն տեղյակ եք, որ Իրանը, Թուրքիան, Իրաքի կենտրոնական կառավարությունը հակաքայլեր են իրականացնում: Հետագայում այլ, ավելի կոշտ քայլեր ևս կիրագործվեն»,- հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը: Հասան Ռոհանիի խոսքով էլ՝ առաջիկայում Մերձավոր Արևելքում ճգնաժամերի հաղթահարման հիմնական բեռը մի քանի պետություններ են իրենց ուսերին վերցնելու: «Մեր երկու պետությունների` Թուրքիայի և Իրանի վերջնական նպատակը ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումն է, անվտանգ միջավայրի ստեղծումը: Այդ նպատակին մենք պետք է հասնենք նաև Սիրիայում` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի եռակողմ համագործակցության միջոցով: Իրաքյան Քրդստանի խնդրում եռակողմ համագործակցություն պետք է ծավալեն Իրանը, Թուրքիան և Իրաքը»,- նշում էր Իրանի նախագահը:
Երբ Թեհրանում բանակցում էին Իրանի և Թուրքիայի նախագահները, իրաքյան Քրդստանում ստեղծված կացությանը Մոսկվայում անդրադառնում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք չենք միջամտում այդ գործընթացներին: Այդ իսկ պատճառով էլ մեր հայտարարությունները շատ զգուշավոր են և կշռադատված: Դրանց նպատակը իրադրությունը չպայթեցնելն է: Մեր նպատակն է, որ կողմերը նույնիսկ ամենակոնֆլիկտային, բարդ իրավիճակներում կարողանան համագործակցության և փոխշահավետ լուծումների տանող ուղիներ գտնել»,- հայտարարում էր Ռուսաստանի նախագահը` դիմելով Մոսկվայում կազմակերպված էներգետիկ համաժողովի մասնակիցներին:
Թուրքիայի նախագահի Թեհրան այցի մյուս առանցքային օրակարգային թեման երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդումն էր: Էրդողանի խոսքով՝ Թեհրանում բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակ թվային ցուցանիշների հասնելու մասին: «Մեր գլխավոր նպատակն է մինչև Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի մյուս նիստը Իրանի և Թուրքիայի երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլար ցուցանիշին: Որպեսզի մեր տնտեսական հարաբերությունները չտուժեն տարադրամի փոխարժեքի տատանման հետևանքով, մենք որոշել ենք կյանքի կոչել Թուրքիայի և Իրանի ազգային տարադրամներով երկկողմ առևտուրը կազմակերպելու պրակտիկան»,- հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը: