Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կսկսի առաջին պատժամիջոցները Իրաքյան Քրդստանի դեմ՝ փակելով երկրի հետ օդային և ցամաքային սահմանները` հաղորդում է CNN Turk-ը: «Մենք չենք թողնի, որ մեր տարածաշրջանն ու Թուրքիայի սահմանները վտանգի տակ հայտնվեն ինչ-որ մեկի մանկական երազանքների իրականացման համար (նկատի ունի Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, որ ասել էր, որ անկախ Քրդստանն իր մանկության ամենամեծ երազանքն է եղել): Այստեղ հանրաքվեով ոչինչ չի վերջանում, արդյունքը դեռ հիմա նոր պիտի տեսնեք»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը: Ըստ նրա՝ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունն անհեռատես է, սակայն ժամանակի ընթացքում կհասկանա, որ այլ ելք չունի:
«Մի կողմից Իրանը, հյուսիսում Թուրքիան, հարավում Բաղդադը, արևմուտքում Սիրիան… Ի՞նչ եք անելու: ՈՒ՞ր եք գնալու, ինչպե՞ս եք դուրս գալու: Բոլոր օդային սահմանները փակվելու են: Շուտով ցամաքային սահմանն էլ կփակենք: Մի երկրի ղեկավար չի կարող այդքան երեխայական ձևով հանրաքվե անել»,- ասել է Էրդողանը: