Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտածելու լուրջ առիթ է տվել լրագրողներին, երբ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիսավոր ընթրիքից առաջ անսպասելի հայտարարություն է արել: The Guardian-ը գրում է, որ ընթրիքը եղել է Սպիտակ տանը: Ընթրիքից առաջ նախագահը Պենտագոնի ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ մի շարք կոշտ հայտարարություններ է արել Իրանի ու Հյուսիսային Կորեայի վերաբերյալ:
«Իրանական ռեժիմն աջակցում է ահաբեկչությանն ու Մերձավոր Արևելքում բռնություն, քաոս է տարածում: Այդ պատճառով մենք պետք է վերջ դնենք Իրանի կողմից շարունակվող ագրեսիային ու միջուկային հավակնություններին: Շատ շուտով դուք Իրանի մասով հայտարարություն կլսեք»,- ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Ընթրիքից առաջ Թրամփը մատով ցույց է տվել դահլիճն ու հարցրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Գիտե՞ք՝ ի՞նչ է այս ամենը նշանակում, գուցե սա լռություն է փոթորկից առաջ»: Լրագրողները փորձել են Թրամփից ճշտել, թե «փոթորիկ» ասելով նախագահն ինչ է նկատի ունեցել: «Կիմանաք»,-ասել է երկրի նախագահը: Պարբերականը հայտնում է, որ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ չեղարկել 2015-ին Իրանի ու միջնորդ վեցյակի հետ (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան) կնքված պատմական միջուկային համաձայնագիրը, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել միջուկային ծրագրի զարգացումը, իսկ Արևմուտքը դրա դիմաց չեղարկել է տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Թրամփն այն կարծիքին է, որ համաձայնագիրը չի բխում ԱՄՆ-ի ազգային շահերից: Միջնորդ վեցյակի մյուս 5 անդամները դեմ են համաձայնագրի չեղարկմանը: