ԱՄՆ-ին անհանգստացնում է Սաուդյան Արաբիայի և այլ դաշնակիցների հետաքրքրվածությունը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ` ասել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան։
«Մենք բազմիցս ընդգծել ենք խոշոր ռազմական գնումների ծրագրի իրագործման ժամանակ ԱՄՆ-ի և տարածաշրջանում այլ երկրների սպառազինության համակարգերի օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը։ Այդ համատեղելիությունն անհրաժշտ է ընդհանուր սպառնալիքների հետմղման համար»,- ասել է Բալդանզան։ Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնին և Էր-Ռիադին կապում են ռազմական գնումների ոլորտում բազմամյա հարաբերությունները։
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը պայմանավորվել են Ռիադի կողմից С-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ։ Կողմերը պայմանագիր են կնքել Սաուդյան Արաբիայում Կալաշնիկով ինքնաձիգների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։