Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ընդունելով Եվրամիության պատվիրակությանը, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Նա ասել է, որ մոտ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկելու է բանակցությունների հետագա ընթացքը, նախագահների մակարդակով հանդիպման հնարավորությունը:
«Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, և դա շատ կարևոր հարց է»,- ասել է Ալիևը: Նա կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների նկատմամբ Եվրամիությունը պետք է նույն դիրքորոշումը ցուցաբերի, հակառակ պարագան կընդունվի որպես երկակի մոտեցումների ցուցաբերում: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին համանախագահները այցելելու են Երևան, իսկ հաջորդ օրը՝ Բաքու: